Կարդացի «Ազդարարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Արժե շնորհակալություն հայտնել Արփինե Հովհաննիսյանին և Կառավարությանը՝ այս ուղղությամբ հետևողական օրենսդրական ձեռնարկումների համար։
Միգուցե իմ սպասելիքներն օրենքից անարդարացիորեն մեծ էին, բայց ես կարծում էի, որ օրենքի ուղղակի կամ անուղղակի նպատակներում կլինի քաղաքացու, ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի խախտված իրավունքի վերականգնումը, ինչը, սակայն չկա։ Ըստ օրինագծի՝ ազդարարման նպատակներն են կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումների, հանրային շահերին ուղղված այլ վնասների բացահայտումը, կոռուպցիայի նվազեցումն ու կանխարգելումը, կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը նպաստելը։
Այսինքն` դիցուք՝ եթե կամայական հանրակրթական դպրոցի (իրավակազմակերպչական ձևը՝ ՊՈԱԿ) տնօրեն մերժում է իմ երեխային առանց կաշառքի ընդունել դպրոց, ազդարարման համակարգն ինձ ոչնչով չի օգնի վերականգնելու երեխայիս խախտված իրավունքը, քանզի, ըստ օրինագծի 7-րդ հոդվածի, արտաքին ազդարարման վարույթն այս դեպքում իրականացվելու է հենց նույն ՊՈԱԿ-ում (եթե ես ճիշտ եմ հասկացել օրինագծի տեքստը)։ Ինչպես և նախկինում, այս դեպքում ինձ մնում է կա՛մ ոստիկանություն դիմել, կա՛մ անցնել ոչ ֆորմալ կարգավորումների։
Չնայած սրան՝ ազդարարման մասին օրինագիծը մի շատ կարևոր նորույթ է առաջ բերում, այն է՝ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով [ենթադրյալ] հանցագործության մասին անանուն եղանակով տեղեկություններ հաղորդելը (8-րդ հոդված)։ Սեփական անձի և ընտանիքի անվտանգության մասին մտահոգվելը յուրաքանչյուրիս անկապտելի իրավունքն է (գաղութային դարավոր անցյալ ունեցող ժողովրդի մոտ սա առավել քան ընդգծված արտահայտություն կարող է ունենալ), ինչը շատ հաճախ հետ էր պահում քաղաքացուն հանցագործության մասին պատկան մարմիններին հաղորդելուց՝ անկախ էթիկական և այլ ըմբռնումներից։ Անանուն հաղորդման մեխանիզմը լուծում է այս հարցը․ այսուհետ եթե աչքիդ առաջ փողոցում մարդ առևանգեն, եթե անգամ չկարողանաս միջամտել, գոնե կկարողանաս մեխանիկական տրանսպորտային միջոցի պետական համարանիշը հիշել և տեղեկությունն անանուն հայտնել դատախազություն։
Օրինագիծն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել