Hetq.am-ը գրում է.

«Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության պաշտպանությաննախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

- Իրավիճակը սահմանին ինչպիսին է այժմ, ինչպես եք բնութագրում այն։ 

- Կարելի է ասել, որ համեմատած նախորդ ամիսների ու հատկապես ապրիլյան առճակատմանը հաջորդած մի որոշակի շրջափուլում տեղ գտած սրացումների հետ` լարվածության անկման միտում է գրանցվել: Դա, մանավանդ, նկատելի է վերջին օրերի ընթացքում, մասնավորապես ս.թ. փետրվարի 25-ի գիշերը շփման գծի հարավարևելյան՝ Մարտունու ուղղությամբ, հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը չեզոքացնելուց հետո: Եթե մինչ այդ ադրբեջանական կողմը բավականին ակտիվ էր իրեն պահում առաջնագծում և մոտակա խորքում, ինչն արտահայտվում էր զորքերի տեղաշարժերով կամ ականանետային ու դիպուկահարային գործողություններով, ապա դրանից հետո, կարծես թե ձեռնպահ է մնում գնալ բացահայտ սրացումների: Այնպես որ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ վիճակն անհամեմատ հանգիստ է:

- Իսկ հնարավո՞ր է, որ դա ավելի շատ բանակցային այս գործընթացներով է պայմանավորված։

- Միգուցե, բայց ես ավելի շատ հակված եմ ստեղծված իրավիճակը կապել փետրվարի 25-ին տեղի ունեցածի հետ։ Չեմ բացառում նաև, որ այս դադարը ժամանակավոր է և նպատակաուղղված է ներքին դժգոհությունների մարմանը, որոնք հիմնականում պայմանավորված են չարդարացված կորուստներով։ Ակնհայտ է նաև, որ հակառակորդի զինված ուժերում դժգոհություններ կան  իրենց ղեկավարության նկատմամբ... Բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման:   

- Սովորաբար, Նովրուզից առաջ եւ այդ ընթացքում ինչ-որ գործողություններ կատարում են, միգուցե դրա՞ն են սպասում։

- Նախկինում եղել են նման դեպքեր։ Սովորաբար, աշխատում էին  մուսուլմանական տոն օրերին հատուկ խմբերի գործողություններով ինչ-որ խնդիրներ   լուծել։ Թե ինչ են մտածում հիմա, դժվար է ասել: Բայց որ մենք պատրաստ ենք, նորից եմ ասում, ցանկացած զարգացման, դա հաստատ է:

- Հակառակորդի գործողություններից երբեմն կարելի է ենթադրել, որ իրենք տեղյակ չեն, որ ՊԲ-ն գիշեր-ցերեկ առաջնագծի դիտարկում է անում։ Փետրվարի 24-25-ի գործողության տեսանյութերը դիտելիս մտածում ես, որ ոչ գրագետ գործողություն են անում տեսանկարահանվող տարածքում։

- Չէի ասի, որ չգիտեին, քանի որ մեկ անգամ չէ, որ մենք մեր հակազդիչ գործողություններով հակառակորդին ցույց ենք տվել, որ իրենց կողմից ձեռնակվող ցանկացած սադրիչ քայլի հետևում և անհրաժեշտության դեպքում պատասխան ենք տալիս: Այստեղ խնդիրը, երևի այլ բանում է՝ նրանք, կարծես թե չեն  պատկերացնում մեր կողմից իրականացված գործողությունների ծավալները: Իսկ մենք մեր պաշտպանական միջոցառումները, այդ թվում՝ ինժեներական, տեխնիկական և հարակից մյուս աշխատանքները իրականացնում ենք ամբողջական ծավալով, ինչը մեզ հնարավորություն է տալիս լիովին և լիարժեք հսկողություն սահմանել ողջ առաջնագծի երկայնքով: Այլ հարց է, որ ի տարբերություն նրանց, մենք մեր պաշտպանական համակարգերը տեղադրում ենք բացառապես անտեսանելի և բավականին լավ քողարկված տեղանքներում:

- Այսինքն՝ նրանք չգիտե՞ն մեր սարքերի տեղերը։

- Իհարկե, չգիտեն։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ խոսել դրանց կիրառման արդյունավետության մասին:  

- Իսկ իրենց անօդաչուները հետախուզություն չեն անու՞մ։ Ընդհանրապես, շա՞տ են անցնում սահմանը։ 

- Ս.թ. մարտի 4-ին, երբ մեր կողմից խփվեց հերթական անօդաչու թռչող սարքը,  հակառակորդը կարծես թե այլևս ձեռնպահ է մնում դրանց կիրառումից: Դրանից հետո  անօդաչու թռչող սարքերի թռիչք ընդհանրապես չի արձանագրվել։ Սահմանի հատում չի եղել։ Միգուցե իրենց մոտ ուսումնական նպատակով թռիչքներ կատարվել են, բայց այդ դեպքից հետո ոչ մի անօդաչու թռչող սարք մեր սահմանը չի հատել։

- ORBITER տեսակի անօդաչուն խփելը, մի տեսակ, շատերի համար անակնկալ էր, ինչպես է խփվել։ 

-Ինձ թվում է` հանրությանը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, կարևորն այն է, որ մենք մեկ անգամ չենք ցույց տվել անօդաչու սարք խոցելու մեր հնարավորություններն ու պատրաստականությունը։ Միայն կարող եմ ավելացնել, որ առաջատար ոչ բոլոր բանակներում են ի վիճակի խոցել նման անօդաչու թռչող սարք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել