Image may contain: 1 personՄի ժամանակ մաչոնկա հագնել էր մոդայիկ: Հետո՝ «գողական» դառնալը: Զուգահեռաբար՝ բենզակալոնկա ունենալը: Հետո մոդայիկ դարձան ասֆալտի ֆիդայիները:

Եկավ ժամանակ, երբ մոդայիկ էր ինտերնետ կլուբն ու վարսավիանոցը: Մի երկար «պահ» սպիտակ նիվա ունենալն էր անչափ մոդայիկ:

Հետո եկան «օբյեկտ» ու «ախռաննիկ» ունենալու, ավելի ուշ՝ «ախռաննիկ» դառնալու ժամանակները:

Մի պահ մոդայիկ դարձավ կուսակցական դառնալը, ապա՝ բաժնի պետ - վարչության պետ նշանակվելը, ավագանի ընտրվելը:

Հետո մոդա էր գիտությունների թեկնածու լինելը, դրանով ինքնահաստատվելը։

Հետո՝ ռոք լսելը: Մի պահ գիրք կարդալն էր ուզում մոդայիկ դառնալ: Մոդան հասավ ընդդիմադիր լինելուն ու ըմբոստ դառնալուն:

Եկավ մի պահ՝ մոդան մտավ բուհեր: Մոդայիկ էր դասախոսելը: Երբեմն անգլերենախառն ռուսերենով տեսքտեր ասելը:

Միշտ մոդայիկ մնաց քաղաքագետ լինելն ու անկախ ոլորտից՝ փորձագետ դառնալը:

Մոդայիկ դարձավ ամեն հարցի վերաբերյալ սեփական առանձնահատուկ ու շատ «հիմնավոր» կարծիք ունենալը, դա հրապարակելը, դատարկ քննարկումների մեջ մտնելը:

Հետո մոդան հասավ «ինծելեկտուալ» լինելուն, «ճիշտ» բառերով պարապած տեքստեր ասելուն:

Ապա հասավ պաթոսին, հայրենասիրությանը, երկրին, հող տալ-չտալուն, երկրի ու բանակի համար «...արած ունենալուն», լիբերալ խաղալուն, տոլերանտ ու ազգայնական դառնալուն:
Մոդան չշրջանցեց ցինիկներին: Մոդան չշրջանցեց անգետներին:

Ու արդեն վաղուց մոդան մեր ամենազոր այս ամենով, տիպ-տեսակով, վարք ու բարքով, «հիմնավոր» ու անհիմն այցելել է նա մեր ինքնասիրահարված նարցիսներին ու կարծես միտում է թելադրում կյանքում ու աշխատանքում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել