Картинки по запросу աժ Շաբաթվա սկիզբը նշանավորվեց ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկով։ Այս քառօրյան առանձնանում էր նրանով, որ ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանի փաստացի աշխատանքային վերջինն էր (ուղղակի նշեմ, որ Սահմանադրության համաձայն` հինգերորդ գումարման ԱԺ լիազորությունները դադարեցվում են միայն մայիսի 31-ին, և չնայած մինչ այդ, ըստ ժամանակցույցի, պետք է գումարվի ևս երկու քառօրյա, սակայն բոլորիս համար պարզ է, որ մարտի 6-ից մեկնարկող քարոզարշավը, այդ սահմանված կարգերը «ջրում է», և ընտրություններից հետո մենք գործ կունենանք բոլորովին այլ իրականության հետ): ԱԺ հայտարարությունների ժամին ականատես եղանք իսկական նախընտրական դեմարշի` բոլորն, ամբիոնը գրկած, լոզունգներով և ծրագրային դրույթներով համեմված նախընտրական շքերթ էին սկսել: Պատգամավորներն իրենց ամպլուայից դուրս չգալու համար մեկնարկային 30 րոպեն լրանալուց հետո խորհրդարանի դահլիճը լքում էին շատ կազմակերպված: Դահլիճում գրեթե ամայություն էր տիրում, եթե չհաշվենք, որ ներկա էին մի քանի «հերթապահներ» և ուղղակի ֆոն էին ապահովում: Աշխատանքային երեք օրվա ընթացքում առանձանպես ոչ մի արտառոց և չնախատեսված դեպք տեղի չունեցավ, խորհրդարանը մեկ շնչում երեք ընթերցմամբ քննարկեց և ընդունեց մոտ 30 օրենքի նախագիծ: Կուլմինացիան, սակայն, քառօյայի վերջին օրն էր. խորհրդարանական հինգշաբթին մեկնարկեց դատարկ դահլիճով. նիստին ներկա էին 34 պատգամավոր, և քվորումի բացակայության պատճառով քառօրյան ինքնաբերաբար դարձավ եռօրյա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել