Image may contain: 1 personԱյսօր զինվոր ենք կորցրել: Հավանաբար դիպուկահար է աշխատել: Տարվա սկզբից արդեն բավական զոհեր ունենք:
Զոհ կարող ենք վաղն էլ ունենալ: Տարիներ շարունակ միջնորդներն Ալիևին չեն կարողանում համոզել, թե դիպուկահարներին պետք է առաջին գծից հանել: Կյանքը ցույց է տալիս, որ անհասցե հայտարություններով համոզելը դժվար է:
Դիպուկահարներ մենք էլ ունենք, միգուցե անգամ ավելի լավը: Մենք էլ ենք կրակում: Զոհեր հակառակորդն էլ է ունենում: Երբեմն մեզանից 3, 5 անգամ ավել, երբեմն՝ ոչ: Իրենց պարագայում ինչպես բարոյագիտության, այնպես էլ ներհասարակական դիսկուրսի առումով կորուստները դեռևս մեծ դերակատարում չեն ունենում, հակառակ դեպքում շատ-շատ իրողություններ շփման գծում ու առհասարակ այլ կերպ կդասավորվեին:

Հիմա ունենք մի իրավիճակ, երբ բանակցություններ չկան, երբ Ալիևը անկոտրում է, երբ աշխարհում ու ռեգիոնում խառն է, երբ բոլորը զինվում են, երբ մեր հարևանը բացահայտ հայտարարում է, թե առանց հայկական կողմից զիջումների բանակցության սեղան չի վերադառնա, երբ միջնորդները կրկին անարդյունավետ են աշխատում: Կոշտացել է նաև մեր դիրքորոշումը: Սակայն մենք ավելի շատ խոսում ենք խաղաղության, քան պատերազմի մասին:

Ապրիլը ցույց տվեց, որ եթե կարիք լինի, Ադրբեջանն ասենք վաղը ռազմական ակտիվ գործողություններ կվերսկսի: Ու կարևոր չի, թե մեր վերլուծաբան-փորձագետները այս անգամ դա ինչպես կմեկնաբանեն, կարևորն այն է, որ մենք չպետք է նստած նայենք, թե ե՞րբ են մեզ վրա հարձակվելու իրենց համար հարմար պահի: Մենք էլ անակնկալի գանք, ինչպես ապրիլի մասով էր նշվում:

Երևի հակադարձման մոդելը պետք է փոխել:
Կյանքը ցույց է տալիս, որ մեր մի զինվորի դիմաց անգամ իրենց 10 զինվորի կորուստը նրանց չի կանգնեցնում. հաջորդ օրը նորից կրակում են, դիվերսիա անում: 1/10-ի հարաբերակցության մոդելը արդեն վաղուց չի աշխատում: Լավ հասկանալով բոլոր ռիսկերն ու հետևանքերը՝ հավանաբար արդեն վաղուց պետք է բացառապես ուժի գործոնով պարտադրել հակառակորդին ադեկվատ վարք ցուցաբերել:
Այն, ինչ չի կարող ապահովել «միջազգային իրավունք»-ն ու դիվանագիտությունը, միգուցե կկարողանա պարտադրել ուժի՞ իրավունքը:

Հ.Գ. Ասում եմ՝ դիպուկահարներից բացի՝ մեր հրետանին էլ ամենևին վատ չի աշխատում, հատկապես հակառակորդի, այդ թվում՝ թիկունքային կետերի ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել