Картинки по запросу ռոբերտ մելքոնյանՄոսկվայում Փարաջանովի ֆիլմերից մեկի պրեմիերայի ժամանակ, երբ նոր-նոր սկսել էր «պերեստրոյկայի» քամին, և բոլորը՝ ողջ Խորհրդային Միությունն ու նույնիսկ համայն աշխարհը, հույսով, հավատով, բայց նաև զգուշավորությամբ հետևում էին նոր կոմունիստական առաջնորդին, արտասահմանցի հյուրերը բեմում կանգնած Փարաջանովին հարցնում են, թե ինչպես է վերաբերվում Գորբաչովին:
Բնականաբար, դահլիճը քարանում է՝ սպասելով պատասխանի: Գորբաչովը նոր էր նշանակվել, և նույնիսկ տպարաններում նրա նկարների ներկը երևի դեռ չէր չորացել: Դեռ ոչ ոքի ոչինչ չէր թույլատրվում, առավել ևս՝ խոսել նրա գործնական հատկանիշների մասին, այն էլ՝ արտասահմանցիներով լցված դահլիճում, այն էլ այնպիսի մի անկառավարելի անհատի կարծիքը, ինչպիսին Փարաջանովն էր:
-Ինչպես եմ վերաբերվու՞մ: Հրաշալի,- առանց տատանվելու, առանց երկար մտածելու պատասխանել է նա:

-Նա հանճար է: Հրաշալի քաղաքական գործիչ և հրաշալի դերասան:
- Իսկ Դուք նրան կնկարահանեի՞ք Ձեր ֆիլմում,- հարցնում են նրան:
- Անշուշտ: Երբ նա դուրս կվազի Կրեմլից՝ գոռալով. «Այլևս այստեղ չեմ վերադառնա…Կառե՜թն իմ, կառե՜թը», ես նրան կսպասեմ ԳՈւՄ-ի շենքի մոտ, կբռնեմ ձեռքից և անմիջապես նկարելու կտանեմ «Համլետում»: Հուսանք՝ շատերը հասկացել են Սերգեյ Փարաջանովի իրեն բնորոշ սարկազմը…
Հիմա հետաքրքիր է մեր հեռացող, հեռացվող պաշտոնյաները, քաղաքականության մեջ խրվելով, իրենց տառապյալի, անտեսվածի, մտահոգ դեմքերով ո՞ր ֆիլմերում կամ ներկայացումներում կնկարահանվեին…
Երևի մուլտերի կամ զիմզիմովների, զամբախովների ինչ-որ կերպարների…
Չգիտեմ, հավանաբար ոչ «Համլետում»…
Չնայած, երևի… Որովհետև համլետյան հավերժական «Լինել, թե չլինել» հարցադրումը հենց նրանց է բնորոշ…Նրանք առանց պաշտոնի չեն «լինում», չեն գոյատևում և էլի խցկվում են քաղաքականություն՝ նոր պաշտոնի հետևից, որպեսզի «լինեն»…
Չէ՞ որ նրանք էլ վատ դերասաններ չեն… Այնպես որ, «процесс пошел», ինչպես կասեր Գորբաչովը…
Ու չհավատաք, որ դա բացառապես ժողովրդի համար է, այսինքն՝ իմ, քո և նրա, ինչպես իրենք են պնդում և առավել ևս Հայրենիքի համար… Չհավատաք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել