Картинки по запросу ընտրություններ

Մեր «փոքր», բայց «շատ հպարտ» հասարակությունը բազմաթիվ ընտրություններ է տեսել: Ընտրությունները մեր պետության ձևավորման առաջին տարիներին քաղաքացիների մոտ մեծ փոփոխությունների հույսեր էին արթնացնում: Սակայն 90-ականների քաղաքական որոշ գորընթացները և հատկապես 1999-ի հոկտեմբերի ահաբեկչությունը շատ բան փոխեցին:

Փոփոխված իրողությունների ներքո քաղաքացիների մի մասը, հաշվի առնելով քաղաքական, տնտեսական ու սոցիալ-կենցաղային հանգամանքները, սեփական նեղ շահերի, դրանց իրականացման քաղաքական հնարավորությունների առումով, քաղաքականապես դարձավ առավել իրատես:
Մյուսները, ապրելով «իշխանություններից մշտապես դժգոհ» ելակետային կոնցեպտի ներքո, չունենալով վստահելի, գործուն այլընտրանք ընդդիմադիր ուժերի մասով և «մոռանալով», որ իշխանության առաջնային կրող են, իրենց սեփական կամքի, գիտակցության, արժեհամակարգի, քաղաքական մշակույթից բխող վարքի ու նեղ անձնական շահերի դիրքերից շարունակեցին սեփական քաղաքական կշիռը ստորադասելու, իրենց քաղաքական չմասնակցությունն արդարացնելու և հետագայում նաև ընտրական քվեն վաճառելու հիմնավորումներ գտնելու գործելաոճը: Նման մոտեցումների կրողներն ավելացան հատկապես «փողոցային քաղաքականության» անհասցե, անառաջնորդ ու անծրագիր զանգվածային/տեղային դրսևորումների արդյունքում, որոնք շոշափելիորեն նվազեցրին ու անլրջացրին «ընդդիմություն» բառի դերն ու նշանակությունը:

Դրան ի պատասխան իշխանության՝ առավել պատրաստված ու խելացի մարտավարությունը, առավել կազմակերպված քայլերը, հանգեցրին նրան, որ ցանկացած քաղաքական այլընտրանք շատ արագ իրեն սպառում էր, քանզի ինչպես իրական գործընթացների, այնպես էլ հրապարակային դիսկուրսի մակարդակում՝ որպես իշխանություններին ուղղված քննադատությունների հիմք, բավարար հիմնավոր ու փաստարկված մոտեցումներ չէին հնչեցվում: Ավելին՝ եթե երբեմն անգամ դրանք հնչեցվում էին, այլընտրանքային ուժերը, քաղաքական խմբակները բավարար կամք, ռեսուրս, մարդկային կապիտալ, քաղաքական համբերություն ու գործողությունների տարրական ծրագրեր չունեին: Ուստի անհաջողությունը երաշխավորված էր:

Նման պայմաններում քաղաքացին, հասկանալով, որ որևէ մեկի հետ քաղաքական հավատ ու հույսեր կապելու հիմքեր չկան. մի դեպքում դառնում է քաղաքական չմասնակցության սուբյեկտ, աբսենտեիզմի, քաղաքական ժխտողական կրող, մյուս դեպքում՝ հակաքաղաքական վարքի ու լյումպենացված արժեքների հետևորդ: Երկու դեպքում էլ ստեղծվում է մի իրավիճակ երբ գործող քաղաքական «համակարգ»/ ինստիտուտների, պետական իշխանության որոշ օղակների, ընտրությունների, քաղաքական մասնակցության և մի շարք այլ առանցքային իրողությունների նկատմամբ ձևավորվում է անլուրջ, քամահրական վերաբերմունք ու լեգիտիմության դեֆիցիտ:

Նման իրավիճակում կառավարման նոր կարգի անցնելու առաջին ընտրություններ անցկացնելը իհարկե բավական ռիսկային է: Ռիսկային ոչ այնքան ընտրվող կուսակցությունների կազմի, որքան այն իմաստով, որ ինչպես իշխանություններից, այնպես էլ ընդդիմադիր ու չընդդիմադիր քաղաքական խմբակներից բևեռացած հասարակության/ընտրազանգվածի մասնակցությունը հավանաբար կլինի ոչ միայն ցածր, այլ ամենակարևորը՝ կարող է չարտահայտել աբսենտեիստ հասարակության իրական վերաբերմունքը գործող քաղաքական ուժերի նկատմամբ: Սա հատկապես կարևոր է հաշվի առնել աչքի տակ ունենալով 2016-ին «ՊՊԾ գնդի գրավման» նախադեպը ու ընտրազանգվածի մի մասի ծայրահեղ աղքատ լինելու հանգամանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել