Картинки по запросу ալեն ղևոնդյանՎերջերս մեր հանրային ամենատարբեր հարթակներում ամենից քննարկվող հարցը նախընտրական դաշինքներն են ու թե ՀՀ «քաղաքական համակարգում» որ քաղաքական խումբն ու կուսակցությունը ինչ ֆորմատով, ինչ նախընտրական ցուցակով է գնում ընտրությունների: Սարկաստիկ ու քննադատողական որակումները, որ հաճախ տրվում են նախընտրական ձևավորվող դաշինքներին, ունեն բազմաթիվ դրդապատճառներ՝ սկսած խիստ սուբյեկտիվ քաղաքականից մինչև օբյեկտիվ քաղաքագիտական:

Սովորաբար նախընտրական դաշիքները ձևավորվում են գաղափարական հենքով: Դա ձևավորվելիք կառույցներին ինստիտուցիոնալ առումով դարձնում է առավել ամուր, քաղաքական առումով՝ առավել միաբան, մրցակցային առումով՝ առավել շոշափելի, ընտրական առումով՝ առավել հստակ տարբերակելի, հետևաբար առավել մրցունակ միավորներ:

Նման իրավիճակ չէ նախընտրական կոալիցիաների ձևավորման պարագայում, երբ գաղափարական մոնոլիտությունը առանցքային հարց չէ: Այս պարագայում առավել կարևոր է նախընտրական կոալիցիոն համաձայնությունները, դրանք սոսնձող մոտեցումները, կոալիցիաների մեջ ներգրավված քաղաքական միավորների քանակը, տնտեսական ներուժը:

Հիմա հիմնական հարցադրումը. ինչու՞ են մեր քաղաքական համակարգում ձևավորվում քաղաքական դաշինքներն ու կոալիցիաները.

Նախ՝ դա փաստում է որ մեր քաղաքակական կուսակացությունների մեծամասնությունն ու քաղաքական խմբակները կայացած չեն, ուստի միայնակ պատրաստ չեն գնալ ընտրությունների:

Երկրորդ. դաշինքներն ամենատարբեր «մանր-մունր» քաղաքական միավորներին հնարավորություն են տալիս մոբիլիզացված տնտեսական ու մարդկային ռեսուրսների, հրապարակային ագրեսիվ պոպուլիստական քարոզչության միջոցով փորձել թեկուզ շատ փոքր կազմով, ներգրավվածություն ապահովել Օրենսդիրում:

Երրորդ. դաշինքերը հնարավորություն են ստեղծում քաղաքական խմբակներին ու նրանց՝ «ժամկետ անց» որոշ լիդերներին վերակենդանանալ: Մյուս կողմից՝ հնարավորություններ են տալիս նորահայտ քաղաքական գործիչներին՝ դիրքավորվել ու «զորեղ» քաղաքական մասնակցության իմիտացիա ստեղծել ընտրողների համար:

Չորրորդ. ՀՀ նոր սահմանադրությամբ/ընտրական օրենսգրքով սահմանված խաղի կանոններն ու ընտրական նշաձողերի առկա մակարդակը (կուսակցությունների համար 5%, դաշինքերի դեպքում 7%) միանշանակ ոչ բոլոր կուսակցությունների համար կլինի անցողիկ, ուստի դաշինքերի կազմումը, անկախ նրանց գաղափարական ու արժեհամակարգային ընդհանրություններից, օբյեկտիվ անհրաժեշտություն է:

Նման քաղաքական իրողությունների ներքո դաշինքերի ձևավորումն ու նրանց քաղաքական պայքարի մեջ մտնելը մեր քաղաքական մշակույթի, ընտողների լյումպենացված քաղաքական դոմինանտ գիտակցության ու առկա ուժային հարաբերակցության պայմաններում հավանաբար միայն խիստ ընդդիմադիր ու որոշակի հետևողական բնույթի կոնկրետ քաղաքական մոտեցումներ ունեցող ուժերի մոտ (ասենք «ԵԼՔ» դաշինք), անգամ վերջիններիս տիրապետման տակ առկա համեստ ռեսուրսների պարագայում, կարող է հաջողություններ արձանագրել: Մինչդեռ մյուսների (Երրորդ հանրապետություն, ԱԻՄ, Համախմբում +/- ժառանգություն) պարագայում նման կախատեսումներ անելու հիմքերը խիստ մշուշոտ են: Ինչ վերաբերում է «Ծառուկյան դաշինք» երևույթին, ապա այն առավելապես մեկ գործարարի ռեսուրսների շուրջ ոչ գաղափարական ընդհանրության հիմքով քաղաքականությամբ զբաղվել ու Օրենսդիր մտնելու հավակնություններ ունեցող կոալիցոին բնույթի քաղաքական խմբերի, միավորումների ամբողջություն է, որն ավելի շուտ իմիտացիոն քաղաքականության կրող է, սակայն անգամ այդ պարագայում միանշանակ ներկայացվածություն կունենա առաջիկա ԱԺ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել