Картинки по запросу sssrՍովետական սոցիալիզմից լիբերալ դեմոկրատական կապիտալիզմի անցման գործընթացի՝ տրանզիցիայի հետևանքները ՀՀ-ում հիմնականում վերլուծվում և մեկնաբանվում են տնտեսական ու քաղաքական հարթություններում իրականացված ինստիտուցիոնալ ու կառուցվածքային բարեփոխումների համատեքստում:

Տրամաբանորեն անցման գործընթացը պետք է ենթադրեր առավել համալիր մոտեցում, քանի որ ակնհայտ էր, որ փոխակերպման անհրաժեշտություն ունեին նաև խորհրդային յոթանասուն տարիների ընթացքում ձևավորված արժեքները, աշխարհայացքը, մշակույթը ու այն առօրեականությունը, որի միջոցով խորհրդայինը այլակերպվելով վերածվեց հետխորհրդայինի` դառնալով անցումը և զարգացումը կաշկանդող գործոն:

Անցումային շրջանի՝ տրանզիցիայի հիմնական հռչակված նպատակը սովետական սոցիալիստական երկրից արևմտյան կապիտալիստական տիպի երկրին անցումն էր, ինչը, կարելի է ասել, ՀՀ-ում այդքան էլ լավ չարտահայտվեց: Գլխավոր պատճառն այն է, որ անցումը չընկալվեց որպես ամբողջական ու համալիր մի գործընթաց, որում հիմնարար դեր ունեն նաև հումանիտար, մշակութային և հասարակական ոլորտների փոխակերպումները:

Հայաստանը հայտնվեց Երրորդ երկրի կարգավիճակի «հետխորհրդային» կոչվող խմբում: Թե ի՞նչ է նշանակում հետխորհրդային, միանշանակ չէ և կան դրա տարբեր մեկնաբանություններ: Սակայն, բոլոր մեկնաբանություններն էլ համամիտ են այն ընդհանուր եզրակացության հետ, ըստ որի` հետխորհրդային են նախկինում ԽՍՀՄ կազմում գտնված, դեպի զարգացած կապիտալիզմ անհաջող տրանզիցիոն գործընթաց ապրած և ՌԴազդեցության գոտում գտնվող այն երկրները, որոնցում հասարակության զարգացումն արգելակող սովետիզմները կաշկանդում են հետգաղութային դիսկուրսի ձևավորումը և անկախացման իրական գործընթացը:

Հետխորհրդային երկրների առանձնահատկությունն այն է, որ ՌԴ-ից կախվածությունն իրացվում է Խորհրդային Ռուսաստանի գաղութային գերակայության շրջանում ձևավորված ֆորմաների ու բովանդակությունների միջոցով: Այսինքն, հետխորհրդային երկրի կարգավիճակից անցումն իրական անկախության, այնպիսի մի գործընթաց է, որ պետք է հանգեցնի ՌԴ գերակայության հաղթահարմանը` սովետական շրջանից ժառանգված գաղութատիրական ֆորմաների ու բովանդակությունների վերացման և դրանց փոխարեն նորերի ձևավորման ճանապարհով:

Դրա համար հարկ է կարևորել ոչ միայն տնտեսական կամ քաղաքական, այլ առաջին հերթին մշակութային անհրաժեշտ ռեսուրսների ձևավորման խնդիրը: Այսինքն, անցման անհաջողության պատճառը հետխորհրդային երկրների հիմնական մասում գործընթացի սխալ ծրագրավորումն էր, ինչում ամենամեծ բացթողումն, իհարկե, մշակութային բաղադրիչի անտեսումն էր:

Արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ երկրների համար ունիվերսալ մոդելների ձևավորումը ճիշտ մոտեցում չէր հենց այն պատճառով, որ այս երկու տարբեր խմբերն ունեին մշակութային ու քաղաքակրթական արմատապես տարբեր ռեսուրսներ: Բացառություն էին կազմում մերձբալթյան երկրները, որոնք էլ, ինչպես կյանքը ցույց տվեց, հաջողությամբ ինտեգրվեցին արևմտյան կապիտալիստական աշխարհին` հենց մշակութային նպաստավոր ռեսուրսի հիմքի վրա: Արլ. Եվրոպայի երկրները նույնպես, չնայած սովետական սոցիալիզմի ավելի քան քառասնամյա ազդեցությանը, հիմնականում պահպանել էին իրենց քաղաքակրթական ռեսուրսը:

Ինչպես փորձը ցույց է տալիս, հետսոցիալիստական վիճակի հաղթահարման մեջ առավել հաջողվածները հենց այն երկրներն են (Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Սլովենիան, Լեհաստանը), որոնք մշակութային առումով ավելի մոտ էին զարգացած կապիտալիզմի փուլում գտնվող Արմ. Եվրոպայի երկրներին, և տնտեսական ու քաղաքական բարեփոխումների բարեհաջողության հիմնական գրավականը դարձավ հենց մշակութային համարժեք միջավայրի առկայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել