Image result for Իրան-ԵԱՏՄԻրան-ԵԱՏՄ հենման կետը

Որպես հարևաններ, գործընկերներ, տարբեր կրոններ դավանող ժողովուրդներ, տարբեր պետական կառուցվածք ունեցող և տնտեսության տարբեր կառուցվածք ունեցող երկրներ` բոլոր առումներով Հայաստանի և Իրանի հարաբերությունները օրինակելի են թե՛ տարածաշրջանի, թե՛ ամբողջ աշխարհի համար:

Ներկայումս կովկասյան տարածաշրջանում կոմունիկացիոն «նորամուծությունները» բավականին սպասելի զարգացումներ են, սակայն, քանի որ տարածաշրջանը գտնվում է աշխարհաքաղաքական վերադասավորման փուլում, և դեռ լուծում չեն ստացել այդ վերադասավորման քաղաքական կողմին առնչվող կարևոր հարցերը, տնտեսական կոմունիկացիաների հարցում շոշափլի քայլեր չկան:

Կոմունիկացիան պահանջում է քաղաքական համաձայնություն: Ներկայումս Կովկասում դրված է ստատուս-քվոյի հարցը, ընդ որում՝ դրված է բավական սրությամբ:
Այս կոնտեքստում հետաքրքիր զարգացումներ են նկատվում Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցում:

Իրանի Նախագահ Ռոհանիի՝ օրերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Ներկայացվել են փոխշահավետ համագործակցության լայն հնարավորությունները ՀՀ և Իրանի տնտեսվարող սուբյեկտների համար: Ռոհանին իր հետաքրքրվածությունն է հայտնել ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, ինչը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը:

Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով, որքան հնարավոր է, արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը:

Կողմերի միջև քննարկվում է նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագրերը: Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ և անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծով, այնուհետև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար:

Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելումը, կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կստեղծվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործել եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավել բեռների տարանցում այլ երկրներից: Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար:

Հ.գ. Իրանական կողմն իր հերթին որոշակի շահագրգռվածություն ունի ՀՀ հետ համագործակցության հարցում, քանի որ իր մյուս երկու հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապերն այնքան էլ ամուր հիմքերի վրա չեն դրված, ուստի և իրանական կողմն իր հերթին կարող է ներդրումներ անել Հուսիս- հարավ նախագծում, քանի որ դրա արագ կառուցումն առաջին հերթին իր շահերից է բխում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել