Картинки по запросу աժՉնայած այն հանգամանքին, որ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանն ավարտել է իր աշխատանքները, սակայն պառլամենտում աշխատանքները շարունակվում են: Երեքշաբթի բավականին հագեցված օրակարգով մեկնարկեց հերթական արտահերթը. խորհրդարանական աշխատանքները ոչնչով չտարբերվեցին արդեն կայացած նախկին շուրջ 60 նիստերից. դեմագոգիա, պոպուլիզմ ու ժամավաճառություն:

Հայրենի պառլամանտականներին չեմ փորձի մեղադրանքների սյունին գամել, ուղղակի կներկայացնեմ մի քանի թեզեր: Արտահերթում մի շարք նախագծերի հետ ընդգրկված էին նաև հանրության կողմից լայն արձագանք ստացած ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը և կից ներկայացված օրենքների փաթեթը կամ այլ կերպ ասած՝ 1000 դրամների մասին օրենքը, ինչպես նաև Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել ապօրինի հարստացումները: Նշված ծավալուն և հարընդգրկուն օրինագծերը չանտեսվեցին ԱԺ «հերոսների» կողմից, և դրանց շուրջ հյուսվեցին բազում «լեգենդար» և էպիկական ելույթներ: Պատգամավորներից ոմանք այս հարմար առիթը բաց չթողեցին իրենց կուսակցույթունների գաղափարները հանրությանը ևս մեկ անգամ մատուցելու համար. ոմանք արդեն բացահայտ ներկայացնում էին նախընտրական իդեաներ:

Հայրենի թիվ մեկ ամբիոնը թեժ և հրաբորբոք ելույթների պակաս ընդհանրապես չունեցավ, ելույթների զգալի մասը ինձ հիշեցնում էր նախընտրական ելույթներ ու ընտրական ճառեր, երբ խորհրդարանականները ջանք չեն խնայում հաճոյանալ ընտրողներին: Ծեծված ու ամենօրյա մաշված հռետորաբանություն, ոչինչ չասող և չփաստարկված եզրույթներ, ահա սա էր գրեթե բոլոր ելույթների ընդհանուր բնորոշումը:

Օրակարգում ընդգրկված հարցերից ուշադրության արժանիներից կառանձնացնեմ թերևս Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի քննարկումը:

Հայտնի է, որ քաղաքական համակարգի կարևորագույն և անկյունաքարային ինստիտուտը միանշանակ կուսակցությունն է, և ցանկացած երկրում կուսակցական համակարգի ճկունությունն ու էլաստիկությունը խոսում է տվյալ երկրի քաղաքական համակարգի զարգացվածության ու ժողովրդավարության բարձր որակների մասին: Կուսակցությունների մասին օրենքի քննարկման ժամանակ առանձնակի ակտիվություն դրսևորեցին հատկապես նախկին ներկայիս պատգամավոր-կուսակցապետեր Հայկ Բաբուխանյանը և Խոսրով Հարությունյանը: Բաբուխանյանը սրտնեղել էր հատկապես այն դրույթի համար, որով նախատեսվում էր 10 տարի ԱԺ ընտրություններին և խոշոր քաղաքների (Երևան, Գյումրի, Վանաձոր) ՏԻՄ ընտրություններին չմասնակցած կուսակցության գործունեությունը ժամանակավոր առկախել:

Հարցերի ընդհանուր կարևորությունն ու առաջնահերթությունը ոչնչով «չխանգարեց», որ ևս մեկ արտահերթ անցնի գրեթե դատարկ դահլիճում. «հերթապահ» պատգամավորներն ուղղակի փորձում էին ապահովել որոշակի աշխույժ ֆոն:

Հ.Գ. Կարող եմ վստահաբար փաստել հետևյալը. նման սրտաճմլիկ ու պաթետիկ ելույթներն իրականության հետ ոչ մի աղերս չունեն, և մանդատային ֆալստարտը կարող է ունենա հակառակ էֆեկտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել