Картинки по запросу իսկանդեր• Կյանքի դժոխային պայմանները ստիպում են նաև ինձ խախտել սկզբունքս և գրել հարցերից, որոնց մասին խորը պատկերացում չունեմ։
• «Իսկանդեր» զենքի վերաբերյալ հայաստանյան հրապարակախոսական և կենցաղային ընկալումների տիրույթում մի մոլորություն եմ նկատում, որ հանգեցնում է իրականության աղճատմանը։
Մի ինչ-որ աներևույթ ու անհասկանալի նույնացմամբ «Իսկանդերը» «հայ-հայ ա»՝ հավասարեցվում է միջուկային զենքի հետ՝ թե՛ իր նշանակությամբ, թե՛ իր տեխնիկական հատկություններով։ Այստեղից էլ առաջ են գալիս քարոզչա-նիհիլիստական գնահատականները, ալյա՝ «ախպե՛ր, էդ սաղ սութ ա, մեկ ա՝ ըտրանից կրակողը չենք»։
Ես կենցաղային խոսքի օրինակ բերեցի, բայց ասածս տիրապետող է նաև փորձագիտական դիսկուրսում։
Սխալն, ինչպես ասացի, միջուկային զենքի հետ ենթագիտակցական նույնություն տեսնելն է։
• Իրականում, սակայն, «Իսկանդերը» հրթիռային համալիր է և կապ չունի «ամենաուժեղ զենքի» հետ։ «Իսկանդերի» կիրառումը կամ դրա սահմանափակումը չեն ենթարկվում միջազգային իրավական որևէ սահմանափակման՝ ի տարբերություն միջուկային զենքի, և ինչն ամենակարևորն է, «Իսկանդերի» հարվածը չի հասցնում այն նույն ռազմական, հումանիտար, ենթակառուցվածքային, բնապահպանական հետևանքները, ինչ որ միջուկային զենքը։ Այնպես որ, ինչպես տեղին են նշում մասնագետները, մեր «Իսկանդերը» շատ էլ լավ կարող է կրակել, դիցուք՝ Նախիջևանում տեղակայված ադրբեջանական «Սկադ» համակարգերի ուղղությամբ։
• Այս թեմային խիստ առնչակից ևս մեկ մոլորություն է այն մտայնությունը, որ պատերազմը միշտ սահմանափակվելու է «Ղարաբաղի չոլերով» և երբեք չի հասնելու մեր քթի տակ։ Այստեղից էլ այն «փարատումը», թե «Իսկանդերի» պես զենքից երբեք չեն կրակի, որովհետև դա կնշանակի այրել բոլոր կամուրջներն ու անցնել մեծ պատերազմի»։ Իսկ ո՞վ ասաց, որ հայ-ադրբեջանական անտագոնիզմը չի հասնի հենց այդ «կամուրջների» փուլին, ո՞վ ասաց, որ պատժիչ-հոգեբանական նկատառումներով կողմերը չեն սկսի թիրախավորել միմյանց մայրաքաղաքները։ Հասկանում եմ, որ դրա հավանականությունը քիչ է, բայց որ տեսնում եմ, թե ինչի են վերածվել Թուրքիայի արևելքն ու գյոզալական Սիրիան, մի տեսակ չեմ համարձակվում նույն «անհոգ դինջությամբ» բացառել պատերազմի ցանկացած սցենար, ինչպես որոշ գործընկերներս են անում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել