Hetq.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջեւ այսօր ստորագրվել է համաձայնագիր՝ Օրենսդրության կատարելագործման եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանն  աջակցելու նպատակով:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երեւանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի առաքելության նախկին եւ ներկա տնօրեններին՝ գաղափարին հավատալու եւ այն կյանքի կոչելու նախաձեռնության ակտիվ մասնակիցը դառնալու համար:

«Ցանկացած գաղափար, որը սկսում ես, պետք է հավատաս դրան՝ անմնացորդ եւ մինչեւ վերջ. իմ հավատը մեծ էր Կենտրոնի ստեղծման հետ կապված: Գերատեսչական շահերից՝ անկախ օրենսդրություն, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական ակտերի մշակում, անկախ փորձաքննություն եւ պրոֆեսիոնալիզմ. սա է լինելու Կենտրոնի հիմնական առաքելությունը»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում այն մտել է որակապես նոր փուլ եւ նշել, որ Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոնի բացումը, որը մասամբ հնարավոր է դարձել ԱՄՆ կառավարության օժանդակության շնորհիվ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդյունավետ կառավարումն ամրապնդելու ուղղությամբ Արդարադատության նախարարության հետ ձևավորված ամուր գործակցության ու գործընկերության վերջին շրջանի վառ օրինակներից է, եւ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ամուր օժանդակություն կապահովվի Կենտրոնին՝ վերջինիս գործունեության առաջին 12 ամիսների ընթացքում:

Համաձայնագրի շրջանակում կենտրոնի միջոցները կուղղվեն մասնագիտական կադրային ապահովման ամրապնդմանը, շահագրգիռ կողմերի միջև խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմների ինստիտուցիոնալացմանը եւ Կենտրոնի նախնական կարգավորումների հեշտացմանը` երկարաժամկետ կայունության մոտեցմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել