Ես արդեն մեկուկես տարի է սովորում եմ ավագ դպրոցում ու դեռ մի այդքան էլ կա, որպեսզի ավարտեմ ու փորձել եմ յուրացնել այդ ավագ դպրոց կոչվածի իմաստը: Եվ հիմա կասեմ. իմաաաաաաաաաաա՞ստը: Դրանց ստեղծման առաջին իսկ օրվանից սկսվեց քննադատւթյունների տարափը. դա բնական է. ամեն նորամուծություն իր հետ բերում է դժգոհության ալիք: Բայց փաստորեն նորամուծություն եղավ միայն դպրոցի շենքը և  նոր 2 տիպի անհասկանալի տարբերություններով: Դասագրքերը թողնենք մի կողմ. դա լրիվ այլ մի պատուհաս թեմա է: Անրադառնանք ավագ դպրոցի նախնական տեսլականին և դառը իրականությանը: Առաջին հայացքից պարզապես հանճարեղ է նմանատիպ դպրոցի գաղափարը, քանի որ

  • Այն, ունենալով հոսքային դասարաններ, պետք է ծառայեր որպես կապող օղակ դպրոցի և բուհի միջև, որպեսզի հնարավոր լիներ առանց կրկնուսույցի ընդունվել բուհ, այսինքն՝ առավել ժամեր հատկացվեին աշակերտի քննական առարկաներին: Իսկ ովքեր չգիտեին, թե ինչ մասնագիտություն են ընտրելու, կարող էին ընդունվել ընդհանուր հոսք:
  • Պետք է դասարանները բաղկացած լինեին ամենաշատը 20 աշակերտից, որոնց հոսքային առարկաների տարեկան նվազագույն միավորը 7 պետք է լիներ:
  • Դասավանդեին որակապես առավել բարձր մասնագետներ:

Իսկ ստացվեց, որ

  • Հոսքային առարկաներից չստացանք առավել խորքային գիտելիքներ, իսկ ոչ հոսքային առարկաների վրա կարելի է ասել խաչ քաշեցինք, քանի որ չենք ստանում նույնիսկ այդ առարկայի վերաբերյալ հասարակ, զուտ ընդհանուր զարգացվածության համար բավարար գիտելիքներ:
  • Դասարանս բաղկացած է 25 աշակերտից, որոնցից միայն երեքս ենք ընդունվելու հոսքին (պատմա-իրավագիտական) համապատասխան ֆակուլտետ, և դա ամենևին չի նշանակում, որ մնացած 22 հոգին ցանկանում էր տնտեսագիտական կամ ֆիզիկամաթեմատիկական հոսք ընդունվել, իսկ այդ դասարաններում տեղ չկար: Ընդ որում երեքից երկուսս արդեն պարապում ենք կրկնուսույցի մոտ, իսկ մնացած 22 հոգու ճակատագրերը բազմազան են. սկսած ամենավերջին ծույլիկից մինչև մարդիկ, որոնք դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության մեջ կամ կողմնորոշվել են, բայց տվյալ ֆակուլտետին համապատասխան հոսք չկա:
  • Մասնագետների առումով չկա ոչ մի տարբերություն. ո՞ր մեկիս դպրոցում չեն եղել լավ կամ վատ ուսուցիչներ: Ո՞վ ասաց, որ իմ հիմնական դպրոցում մնացած ուսուցիչը ավելի վատն է, քան այն մեկը, ով ավագ դպրոցում ուսուցանելու «որակավորում» է ստացել:

Եվ ինչի՞ համար էր այս ամբողջ թատրոնը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել