Image result for հայաստանԳեղեցիկ է Հայաստանը։
Կներեք, բայց ի՞նչը նկատի ունեք՝ բնությու՞նը, թե՞ երկիրը։
Եթե խոսքը բնության մասին է, ապա Երկիր մոլորակի վրա չկա ոչ գեղեցիկ բնություն, չկա երկիր, որտեղ գեղեցիկ բնություն չլինի․ մերը նույնիսկ շատ համեստ հատված է մնացածի ֆոնին...
Այնպես որ, հանգիստ թողենք բնությունը․ դա Աստծո ստեղծածն է։ Երկրի գեղեցկությունը  ավելի շատ Մարդու ստեղծածն է՝ մշակույթը, ճարտարապետությունը, քաղաքավարությունը, մաքրությունը, ճաշակն ու այլ կոմպոնենտներ, որոնք ձևավորում են ընդհանուր պատկեր։
Եթե մի կողմ դնենք բնությունը, ամենուր շաղ տված միանման վանքերը, սովետական շինություններն ու ճանապարհները, ապա  ինչի՞ է նման մերօրյա Հայաստանը․ հաստատ՝ ո՛չ պետության։
«Պետություն» կոչվածը մեր երկրում ոչինչ չի արել․ ինչ արվել է, արվել է անհատների կողմից։
Քրքորյանը ճամփա է կառուցել, Լևոն Հայրապետյանը՝ իր գյուղն ու Գանձասարը, Ռուբեն Վարդանյանը՝ Տաթևի ճոպանուղին։ Վերջին 20 տարում ինչ կառուցվել է, կառուցվել է «դրսի» հայերի կողմից։ Դրանցից ոչ մի պրոյեկտ շահութաբեր չէ՝ ի տարբերություն «ներսի»  օլիգարխների պրոյեկտների։
Երկրով շրջելիս պարզ երևում է տոտալ անտերությունը․ երկիրն իներցիայով է ապրում...
Մենք էլ չենք կողմնորոշվում՝ ինչ է «երկիր»  ասվածը, բնությու՞նն ենք սիրում, թե՞ ուրիշ սիրելու բան կա...))
Ես պատմություն չսիրող մարդ եմ, ինձ ներկան է հետաքրքրում։
Մի ղարաբաղյան զրույց հիշեցի։ Խոսում եմ մարդկանց հետ․ բողոքում են թանկությունից, խոսում են պրեզիդենտի, վարչապետի ու զինվորական ջոջերի բիզնեսներից, պատերազմի օրերից, հիվանդ երեխուն բանակ չտանելու դիմաց տված  15 հազար դոլարից...
Ասում եմ՝ դե լավ կլինի, հայաստանյան մյուս մարզերում ավելի տխուր վիճակ է, գյուղերն ավելի դատարկ են, սա էլ կվերջանա, վատը հավերժ չի շարունակվում, փորձում եմ պոզիտիվ հունով տանել զրույցը...
Մեկ էլ  Գրեգորի անունով մի շատ համեստ մարդ  ասում է․
-Էտ որ ասում ես՝ լավ ա լինելու, մի բան ասեմ։ Երիտասարդ էի, շարժումն սկսվեց, գնացի կռիվ, եկա, մի երկու տարուց ամուսնացա՝ ընտանիք, երեխեք․․․ Կով պահեցինք, սոված չմնացինք, մի կերպ յոլա ենք գնում մինչև էսօր։ Բայց հետ եմ նայում՝ կյանքիս լավագույն տարիներն անցել են։ Տելեվիզորով նայում ենք՝ մարդիկ ապրըմ են, գնում են հանգստանալու։ Մենք էլ ենք մարդ, լի՜․ գոնե մի անգամ էլ մենք մեր կյանքում մի տեղ գնայինք․․․ 50 հազարով ու՞ր գնաս...
Խոսում է հանգիստ, ժպիտը դեմքին, առանց հայկական մաղձի...
Հա՛, Երկիրը  բնությունը չէ, պատմությունը, մանկությունն ու փուչ կենացները չեն։
Հայրենիքից առաջ կյանքը պիտի սիրել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել