Երբեք չեմ անդրադարձել հանրային հարթակներում գործող անձանց տարբեր առիթներով հնչեցվող տղամարդ-կին որակների թեմայով ելույթներին: Տղամարդկանց ու կանանց իրավահավասարությանը լավ եմ վերաբերվում, քանի որ դա առհասարակ մարդու իրավունքների շարքից է: Չեմ ուզում խորանալ գենդերային հարցերի մութ անտառներում, քանի որ դա իմ մասնագիտական զբաղվածության շրջանակներից դուրս է եղել միշտ, ու ըստ իս շաղախված է ոչ միայն քաղաքական ու սոցիալական, այլեւ մենթալային, պատմական, հանրային հոգեբանական ու այլ բարդ հանգամանքներով: Ընդ որում այնպես է շաղախված, որ շատ հաճախ, ամեն մի կոնկերտ դեպքում շատ դժվար է լինում նույնիսկ մասնագետների համար, այս խնդիրներով որ զբաղվում են տասնամյակներ շարունակ, ճշգրիտ մեկնաբանելու դրանք:

Բայց այս անգամ չդիմացա ու պետք է գրեմ: Ուրեմն լսեցի ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Հեղինե Բիշարյանի ռեպլիկը <շիշը գլխիդ կտամ, այ համբալ> ու Նաիրա Զոհրաբյանի արձագանքը, էլի ուղղված Նիկոլ Փաշինյանին «տղամարդուն ոչ վայել արարք է»:

Հիմա ուզում եմ հարց տալ` շիշը գլխին տալը ոչ թե կնոջը կամ տղամարդուն, այլ քաղաքական գործչին վայե՞լ սպառնալիք է: Իսկ քաղաքական բանավեճում արժե՞ գործընկերոջից տղամարդուն վայել կամ անվայել կեցվածք պահանջելը: Հո ռեստորանում չե՞ք: Գուցե այդ դեպքում կին գործիչները մշակեն ու իրենց տղամարդ գործընկերներին ներկայացնեն մի ցուցա՞կ, թե քաղաքական պայքարում ո՞րն է համարվում տղամարդուն վայել արարքը, որը` ո՞չ: Տղամարդուն վայելը կնոջ հետ համաձայնվե՞լն է, սուտ չխոսե՞լը, զիջե՞լը: Քաղաքական պայքարո՞ւմ:

Ուրեմն կոչ եմ անում հանրային քաղաքականությամբ զբաղվող կանանց կողմնորոշվել, կամ նրանք պետք է ընունեն խաղի կանոններն ու այս կամ այն ելույթներում որպես փաստարկ իրենց օգտին երբեք չհիշատակեն իրենց ու ընդդիմախոսների գենդերային պատկանելությունը, կամ ` գոնե պետք է ունենան այնքան փաստարկներ, որոնք լրիվ բավարար կլինեն բանավեճը տանուլ չտալու համար: Առանց նեյնիմական հիշատակումների:

Լուսահոգի մի ռուս քաղաքական գործիչ կար` Ստարովոյտովա անունով: Սիրում եմ նրա արտահայտությունը - я не из тех женщин, чей пол - их потолок:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել