Hetq.am-ը գրում է.

Քառօրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող 28-ամյա Ազնաուր Բալայանի մայրը՝ Սիրուն Բալայանը, որդու ձայնը վերջին անգամ լսել է ապրիլի 4-ին։ Սիրտը անհանգիստ էր, առավոտյան ժամը 8-ի կողմերը կարողացավ զանգել որդուն, ով գծի այն կողմից զինվորականին հատուկ հակիճությամբ ասաց՝ մամ ջան, լավ եմ, հիմա պիտի անջատեմ հեռախոսը։ Ժամեր հետո հարավային ուղղության դիրքերում արկի պայթյունից նա զոհվեց։

Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում Բալայանների տան նեղլիկ սենյակի ամենաերևելի մասում Ազնաուրի նկարն է։ Կողքի բազմոցին նստած է մայրը՝ ժամանակից շուտ սպիտակած մազերով։ Չի հավատում, որ որդին չկա, ականջը միշտ ձայնի է սպասում։ Ուր որ է՝ դարպասը կբացի ու որդին դիրքերից տուն կգա։

«Նա ասում էր, որ թուրքի գնդակն իրեն չի կարող խոցել, միակ բանը, որ կարող է իրեն վնասել, արկն է։ Մի օր մի գնդակ բերեց, թե՝ տես, կողքովս անցավ ու չկպավ, հիշատակ պահի։ Նա ընդհանրապես վախ չուներ»,- պատմում է տիկին Սիրունը։

Ազնաուր Բալայանը պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որոշեց շարունակել զինվորական քեռու գործը։

«Մի օր գնաց Հադրութ եկավ, թե գործի եմ ընդունվել, բանակում եմ ծառայելու։ Սիրտս վախ ընկավ, ասում էի՝ էդ փեշակ չի, որ ընտրել ես։ 1992 թ․ ամուսինս է զոհվել կռվում, իսկ 1994 թ․ էլ եղբայրս։ Մենակ եմ մեծացրել երեք զավակներիս։ Ամեն տեսակի դժվարություն տեսել ենք։ Օգնող չեմ ունեցել, իմ՝ հավաքարարի աշխատավարձով ու ամուսնուս հասնող նպաստով մի կերպ մեծացրել եմ նրանց»,-պատմում է մայրը։

Առանց հայր մեծացած տղան ամեն կերպ փորձում էր հեշտացնել մոր կյանքը։ Իր ուժերով տան մի մասը վերանորոգել էր։ Տիկին Սիրունը պատմում է, որ երբ տուն էր գալիս, իր հետ սկսում էր պլանավորել, թե ինչ գործ են անելու այս անգամ։

«Շփվող էր շատ ու բարի։ Բոլորը սիրում էին։ Ով ինչ խնդրեր, վազելով անում էր, եթե անգամ խնդրողն իրենից փոքր երեխա էր»,- ասում է նա։

Չնայած մոր հորդորներին՝ չէր շտապում ամուսնանալ։ Ասում էր՝ հարս բերի ու ինքը գնա դիրքե՞ր, ճիշտ չէ։ Հարազատների խոսքով՝ տղայի ուշքն ու միտքն իր գործն էր ու բանակը։

Մի թուլություն ուներ՝ կենդանիներ շատ էր սիրում, մանավանդ ձի։

«Ամեն անգամ դիրքերից որ զանգում էր, ասում էր՝ մամ, նայի հա, ձիուս լավ կնայես։ Անունն էլ Զիտա էր դրել: Ձին նստում էր ու հարևան գյուղերում ապրող բարեկամների այցելության գնում»,- վերհիշում է մայրը, ում դեմքին մի ակնթարթ կարծես երանության ժպիտ է նշմարվում։

Ընկերներն ամեն անգամ կանչում էին իրենց մոտ՝ Ռուսաստան աշխատելու, բայց Ազնաուրն ամեն անգամ էլ մերժում էր՝ ասելով․ «Ես իմ երկրից վախկոտի պես փախչողը չեմ»։

Պատերազմում երեք հարազատ կորցրած Սիրուն Բալայանի միակ մխիթարանքն այն է, որ որդին իր հողի համար է զոհվել, իսկ ցանկություն մեկն է՝ խաղաղություն․ «Թող իմ որդին վերջին զոհը լինի, մեղք են էս տղաները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել