Hetq.am–ը գրում է.

Հայաստանյան խանութներում այսօր բազմաթիվ և բազմատեսականի են թուրքական ապրանքները։  Դրանց ներմուծման ու սպառման դեմ հայ հասարակության մի մասը պայքարում է արդեն երկար ժամանակ։ Որպես թուրքական ապրանքից հրաժարվելու գլխավոր հիմք նշվում է այն, որ դրանք Հայաստան ներմուծելով ու սպառելով՝ ուղղակիորեն ֆինանսավորվում է թուրքական, հետևաբար  նաև՝ ադրբեջանական ռազմաարդյունաբերությունը։ Ջուր չլցնել թշնամու ջրաղացին. սա է նպատակը։  

Ամեն ինչ, կարծեք, հասկանալի է թվում։ Սակայն իրականում այդ ամենն այդքան էլ պարզ ու հեշտ չէ, քանի որ մերժելով շուկայում  առկա թուրքական ապրանքները՝ հայ սպառողները որոշ խնդիրների առաջ են կանգնում։ Բայց մինչ այդ խնդիրներին անդրադառնալը, փորձենք ավելի պատկերավոր հասկանալ, թե որքա՞ն թուրքական ապրանք է ներկրում Հայաստանը, ո՞ր ապրանքներն են այդ ցանկում գերիշխում և ի վերջո՝ արտահանու՞մ  է արդյոք  Հայաստանը Թուրքիա որևէ ապրանք, թե՞ ոչ։ ՀՀ մաքսային ծառայության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալների հիման վրա կարելի է հստակ գտնել այս հարցերի պատասխանները։

99%՝ ներմուծում, 1%՝ արտահանում

2015 թվականին Հայաստանը Թուրքիայի հետ 138,5 մլն դոլարի առևտուր է արել, որից 99%-ը Թուրքիայից Հայաստան ներմուծումն է և միայն 1%-ն է կազմել Հայաստանից արտահանումը։ Թուրքիան Հայաստանի համար ամենախոշոր առեւտրային գործընկերների մեջ նշված ցուցանիշով  9-րդն է։  Բայց Հայաստանը, փաստորեն, ներմուծողի դերում է։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանից դեպի այս երկիր արտահանումը ոչ շահավետ է։ Այդպիսով, Թուրքիան, ըստ էության, արգելում է Հայաստանից ապրանքների արտահանումը։

2015-ին Հայաստանը 41%-ով ավելի քիչ ապրանք է ներմուծել Թուրքիայից, քան 2014-ին։ Այս երկրից կատարված ներմուծումը նախորդ տարի կազմել է Հայաստանի ընդհանուր ներմուծման 4,2%-ը։ Համեմատության համար՝ Ռուսաստանի տեսակարար կշիռն այս հարցում 29,1% է, Վրաստանինը՝ 2%, Չինաստանինը՝ 9,7%:

TradeInfographic

Ներմուծվածին համարժեք տեղականը գտնելը հեշտ չէ

Տնտեսագետներն ու փորձագետները բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են այն մասին, որ դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալները կրճատելու համար հարկավոր է դրանց համարժեք տեղական ապրանքների արտադրությանը զարկ տալ։ Այս դեպքում խոսքը ոչ միայն թուրքական, այլև՝ մնացած երկրներից ներմուծված ապրանքների մասին է։ Սա, իհարկե, չի ենթադրում, որ մնացած երկրներից ապրանքերի ներմուծումը պետք է զրոյի հասցնել, քանի որ շուկայում տեսականի ապահովելու համար ներմուծված ապրանքների առկայությունը ևս կարևոր է։ Խոսքը դրանց ծավալի կրճատման մասին է։ Իսկ թուրքական ապրանքների դեպքում այլ է։  Դրանց ներմուծման ու սպառման դեմ պայքարողների կարծիքով՝ հարկավոր է այն ոչ միայն կրճատել, այլև՝ զրոյի հասցնել։ Այլ խոսքով, չգնել թուրքական ապրանք։

Բայց սպառողներից շատերը փաստի առաջ են կանգնում, երբ մերժում են թուրքականն ու փորձում գտնել նույնանման ապրանքի տեղականը։ Խնդիրն այն է, որ նույն ապրանքի հայկականը գտնելը երբեմն՝ դժվար, երբեմն էլ անհնար է մի պարզ պատճառով՝ Հայաստանում այն քիչ է արտադրվում կամ չի արտադրվում։  Օրինակ՝ 2015 թվականին, ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած ցանկի, Հայաստան է ներմուծվել  հագուստի տեսականի՝ 40-ից ավելի անուն ապրանքից բաղկացած։ Դրանց ընդհանուր գումարը կազմել է մոտ 75 մլն դոլար, որից 12 մլն դոլարը Թուրքիայից է։ Նույն ընթացքում,  ըստ ՀՀ ԱՎԾ-ի, Հայաստանում արտադրվել է  մոտ 20 մլն դոլարի հագուստ (9,5 մլրդ դրամ)։ Ստացվում է, որ մոտ 4 անգամ ավելի շատ ներմուծվում է, քան տեղում արտադրվում։ Ներմուծվածի մեջ 27%-ն է թուրքական։ Այսինքն՝ եթե չի հաջողվել թուրքականի փոխարեն գնել տեղական արտադրության հագուստ, կարելի է գնել այլ երկրներից ներմուծվածը։ Բայց այս հարցն էլ այդքան պարզ չէ, քանի որ երբեմն կամ հաճախ թուրքականն ավելի էժան է լինում, քան այլ երկրներից ներկրվածը, ուստի՝ դրա գնին համարժեք գտնելը ևս խնդիր է դառնում։ Եվ սա բազմաթիվ օրինակներից միայն մեկն է։

Մի խոսքով, այսօր շուկայում հետևյալ վիճակն է՝ եթե դու չես գտնում նույնանման ապրանքի տեղականը, մյուս երկրների արտադրածն էլ չի համապատասխանում քո գրպանին, իսկ քեզ հարկավոր է այդ ապրանքն ու  միայն թուրքականն է հարմար գրպանիդ, ստիպված ես գնել այն կամ մնալ առանց այդ ապրանքի։

Մի կողմից էլ պետք է նշենք, որ ոչ բոլորն են հակված այն տեսակետին, թե հարկավոր է հրաժարվել թուրքական ապրանքից։ Նրանք ապրանք գնելիս կարևորություն չեն տալիս՝ թուրքակա՞ն է այն, տեղակա՞ն, թե՞՝ այլ երկրից։ Այս խումբը կարծում է, որ անվտանգության հարցերը չպետք է խառնել սոցիալ-տնտեսական հարցերին։

Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների տեսականին մեծ է՝ բավականին դիվերսիֆիկացված։ Ներկայում դրանցից ամբողջությամբ հրաժարվելը հեշտ լինել չի կարող։ Դրա համար հարկավոր է «ոչ» ասել  նախորդ տարի Հայաստան ներկրված 137 մլն դոլարի ապրանքին՝ չհաշված նախորդ տարիներին կուտակվածին։ Չնայած, որ սպառողների դիրքորոշումը, գիտակցության և տեղեկացվածության մակարդակն այս հարցում մեծ ու կարևոր է, սակայն խնդիրը լուծելու համար հստակ քայլեր պետք է անի Կառավարությունը։ Ի վերջո, ուղիներ գտնի երկրում թույլ արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու համար, ինչպես նաև՝ գտնի գործընկերներ, որոնցից կարելի է ներմուծել թուրքական ապրանքների որակին ու գնին համապատասխան ապրանքներ և այլն։  Երբ երկրում արդյունաբերությունը զարգանա, իսկ ապրանքները դառնան ավելի մրցունակ ներմուծվածների կողքին, ապա թե թուրքական, թե այլ երկրների արտադրանքի նկատմամբ պահանջարկն ինքնըստինքյան կնվազի։ Երևի թե,  հենց սա է գլխավոր խնդիրը և պետք է հենց տեղական շուկան զարգացնելուց սկսել։  

Ապրիլի 27-ին թուրքական ապրանքների ներմուծման հարցը բարձրացվել է նաև ՀՀ ազգային ժողովում։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Միանսյանը հայտարարել է, որ հարցն արդիական է և նախարարությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում։ Նախարարն ընդգծել է, որ հարկավոր է համատեղել Հայաստանի տնտեսական անվտանգությունը, զարգացումն ու սոցիալական բաղադրիչները, որպեսզի չտապալվեն մյուս արդյունավետ մեխանզիմները: Նախարարությունը պատրաստվում է ամբողջական փաթեթ ներկայացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել