Hetq.am-ը գրում է.

Վերջերս Վանաձոր տեղափոխված Ֆեդուր տատին հանդիպեցի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում: 83-ամյա տատը դստեր հետ եկել էր մասնակցելու Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագին:

«Ես ամեն տարի Երեւան տղուս տանն եմ եղել ու միշտ Ծիծեռնակաբերդ եմ գացել: Էս տարի էկել եմ աղջկաս տուն, հմի էլ ստեղ եմ եկել, որ աղոթեմ: Փառք իմ Աստծուն»,- ասում է Ֆեդուր տատը:

Ֆեդուր տատի ծնողներն Արեւմտյան Հայաստանից են: Եղեռնի ժամանակ կրած զրկանքների ու դժվարին օրերի մասին նրան հիմնականում մայրն է պատմել: Հիմա էլ Ֆեդուր տատն է փոքր-ինչ հուզվելով փորձում պատմել ծնողների հետ կատարվածը: 1918 թվականին, թողնելով տուն-տեղը, կուտակած հարստությունը, մշեցի Հայրապետյան ընտանիքը բռնել է գաղթի ճանապարհը. «Ապրիլի վերջ, մայիսի սկզբին են փախել: Պապս դաշնակցական էր, շատ հարուստ, թողել են ամեն ինչը, եզը, անասունն ու տունը: Մերս 23 տարեկան ա եղել: Մի տարեկան ախպորս շալակով բերել ա, քուրս էլ 3 տարեկան ա եղել: Չուլ էլ չի էղել հագներին: Մերս կըսեր Արազ գետը վարարել էր, դաշտերով կուգար, լրիվ արյուն, ուր կնայեիր՝ գոռում-գոչյուն»:

Գաղթի ճանապարհին ընտանիքը բազմաթիվ զրկանքներ է տեսել: Սովին ու ծարավին մի կերպ են դիմացել: Մայրը մի քանի կտոր ոսկի է ունեցել, ճանապարհին բոլորը վաճառել է, որ հաց առնի:

«Մերս խարաֆին ուներ քթին ու պռոշին: Ընդեղ ոսկի էր դրել՝ ականջօղի նման: 3 ամիս ճամպա են եկել, սաղ ծախել են, ու հաց առել, որ սովից չմեռնեն: Հագներին ոչ շոր ա եղել, ոչ կոշիկ»,- պատմում է Ֆեդուր տատը:

Արաքս գետը կտրելով հասել են Արեւելյան Հայաստան, հաստատվել Արագածի շրջանի Վարդաբլուր գյուղում: Երբեմնի հարուստ ընտանիքը ստիպված է եղել ամեն ինչ նորից ստեղծել. «Ծնողներս ընդեղ հացթուխ են եղել, գնացել գոմ են ավլել, մշակ են եղել»,- ասում է 83-ամյա կինը:

Ընտանիքը կամաց-կամաց սկսել է հարմարվել նոր կյանքին: 1933 թվականին ծնվել է Ֆեդուր տատը: Նրա 2 եղբայրներին տարել են պատերազմ, որտեղից, սակայն, նրանք այլեւս չեն վերադարձել:

Մշո Երկիր գնալու ու հայրական տունը տեսնելու ծնողների երազանքը փոխանցվել է նաև 4 երեխաներ, 16 թոռ ու ծոռ ունեցող Ֆեդուր տատին. «Իմ տղեն պտի գա Ռուսաստանից, որ ինձ տանի իմ տուն: Իմ մերս ու հերս իրանց տան տեղն ասել են, իրենց ունեցվածքի տեղն էլ են ասել: Մերս էնպես ա բացատրել, որ ես էրթամ ու գտնեմ: Կըսեր բալա ջան, կերթաք, ընդեղ բարդիներ կան, դրանց մեջտեղը մեծ առու կա: Էդ տարածքում է մեր տունը: Մշո Բուլանի Հոտըն չոր գեղն ա, քարտեզ էլ ա մերս տվել, ես գիտեմ որտեղ ա մեր տունը: Ես Մշո զավակ եմ, Մշո հողին փափագ եմ: Իմ հոր ու մոր երկիրն էնտեղ է, պտի էրթամ, Արազը կտրիմ-անցնիմ, էրթամ պապիս հողին կայնիմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել