Hetq.am-ը գրում է.

Շարքային զինծառայող Հրայր Բաղդասարյանը ապրիլի 1-ի գիշերը, դիրքերում գտնվող ընկերներին ու հրամանատարին կորցնելուց հետո, շարունակել է միայնակ կռիվ մղել տասնյակների հասնող հակառակորդի դեմ: Իր հերթապահության ժամն է եղել, երբ կեսգիշերն անց ադրբեջանական զորքը սկսել է ականանետներով կրակել հյուսիս-արևելյան սահմանում գտնվող իրենց դիրքին: Այդ պահին դիրքում 9 հոգով են եղել. 6-ը մարտի ժամանակ զոհվել են, երկուսը` վիրավորվել:

Երբ ուղղաթիռն ու ականանետները սկսել են հրետակոծել, դասակի հրամանատարի հրամանով բոլորը մտել են կացարան: Մի քանի ժամ շարունակ կրակել են կառույցի վրա, որն արդեն կիսափլվել էր: Հրայրն առաջարկել է դուրս գալ կացարանից` կրակի ուղղությունը փոխելու. այդպես էլ արել են: Երբ հրետակոծությունը փոքր-ինչ դադարել է, դասակի հրամանատարն ու Հրայրը դուրս են եկել` դիտարկում անցկացնելու: Այդ պահին էլ տեսել են, որ հակառակորդի տասնյակ զինվորներ իրենցից 30-40 մետր հեռավորության վրա են: Միանգամից անցել են պաշտպանության ու սկսել կրակել հակառակորդի վրա: Նրանց միացել են նաև մյուս ծառայակիցները:

Հարձակման նախորդ օրը հյուսիս-արևելյան այս դիրքում Հրայրն ու զինակից ընկերները կանխել էին դիվերսիոն ներթափանցման մի փորձ, որի արդյունքում հակառակորդը մի քանի զոհ էր ունեցել: Ապրիլի 1-ի գիշերը նրանք սպասում էին նոր գործողության, փամփուշտներ էին խնդրել թիկունքից, սակայն զինամթերք բերող մեքենան ճանապարհին խոցվել էր հակառակորդի կողմից:

Քիչ քանակությամբ փամփուշտներով մի քանի ժամ թեժ մարտ են վարել, որի ընթացքում զոհվել են դասակի հրամանատարը և 5 շարքայիններ:

Հրայրը պատմում է, որ հերթով տեսել է, թե ինչպես են ընկնում ծառայակից ընկերները: Այդ դրվագները նա դժվարությամբ է նկարագրում: Քիչ անց նռնակի բեկորից ու հրազենի կրակոցից վիրավորվել է նաև ինքը. ձախակողմյան թևը, ոտքը և թիակը ջարդվել են: Վիրավորվելուց հետո չի կարողացել կրակել հրազենից: «Միայն մի ձեռքով այս ու այն կողմ նռնակներ էի շպրտում: Հետո, երբ տեսա բոլորին խփեցին, արդեն ամեն ինչ մեկ էր: Զրահաբաճկոնս ու սաղավարտս հանեցի, սկսեցի քայլել: Քայլեցի, քայլեցի, մինչև մի ձոր կա, ընկա այդ ձորն ու գլորվեցի: Էլ ոչինչ չեմ հիշում դրանից հետո, արթնացել եմ հոսպիտալում»,- պատմում է Հրայրը:

Հրայր Բաղդասարյանը Մարտունու շրջանի Լիճք գյուղից է: Նրան 75 օր էր մնացել` ծառայությունն ավարտելու: Երկու եղբայր ունի, որոնք Արցախում են ծառայել, իսկ այժմ Ռուսաստանում աշխատում և օգնում են ընտանիքին:

Հրայրը դեռ որևէ պլան չի նախանշել ապագայի համար: Մինչ կոտրվածքները վերականգնվում են, նրա մտքերում շարունակում են պտտվել հարձակման գիշերվա խառը հիշողությունները, իսկ զինակից ընկերների կորստի հետ դեռ հաշտվել չի կարողանում: 

Տեսանյութն ու լուսանկարը` Հակոբ Պողոսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել