Լավ կլիներ, որ մեր բիզնեսմենները եկեղեցի կամ դղյակներ կառուցելու փոխարեն ներդրումներ անեին կրթության ոլորտում:

Ասածս նորություն չէ, իհարկե, սակայն չգիտես ինչու մեր հասարակության հարուստ խավի մոտ պատմության մեջ իրենց անունը հավերժացնելու համար եկեղեցաշինության և դղյակաշինության ավանդույթ է ձևավորվել:Շատ հեռու չգնանք և որպես ասածիս ապացույց շատ օրինակների կարող ենք հանդիպել հենց մեր մայրաքաղաքում:

Սա միանշանակորեն խոսում է այն մասին, որ այդ խավի մեծամասնության գիտակցական մակարդակը դեռ շատ է կաղում և ապագայի մասին նրանց պատկերացումները չեն համապատասխանում այն պատկերացումներին, որ այսօր ունի մեր երիտասարդ սերունդը:

Քաղաքացիական հասարակությանը եկեղեցիների և դղյակների փոխարեն շատ ավելի մեծ օգուտ կարող են բերել կրթության և գիտության բնագավառում անհրաժեշտ ներդրումները, որոնք ուղղակիորեն կխթանեն երկրում գիտատեխնիկական առաջընթացը և հասարակության համար զարգանալու նոր հնարավորություններ կստեղծեն:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական առաջընթաց գրանցող պետություններում, մասնավորապես այն դեպքում, երբ այդ առաջընթացն ապահովվում է մասնավոր հատվածի կողմից կատարվող համապատասխան ներդրումների շնորհիվ, հասարակության ընդհանուր բարեկեցությունը շատ ավելի բարձր է լինում և, հետևաբար, դա հանգեցնում է քաղաքացիների մտածողության, գիտակցության և, որպես պետության կարևոր գործոն՝ հասարակական, քաղաքական և քաղաքացիական գործընթացներում նրանց ներգրավվածության բարձրացմանը: Այսինքն, երկրում ժողովրդավարական կարգերի ձևավորման համար սա լավ միջոց է հանդիսանում:

Հ.Գ.
Կարծում եմ, այս ամենը շատ լավ գիտակցում են նաև հենց այդ եկեղեցաշեն հարուստները: Այդ դեպքում հարց է առաջանում՝ մի՞թե պատմության մեջ մեծ անուն թողնելու մոլուցքն ավելի ճիշտ չի լինի իրագործել այս կերպ, քան խաղալ հասարակության հոգևոր արժեքների հետ և կեղծ բարեպաշտություն ցուցաբերել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել