Հավանաբար չանդրադառնայի այս թեմային, եթե ընկերոջս Սպարտակ Սեյրանյանի երեկվա հոդվածում չտեսնեի այն միտքը, որ Հայաստանին արտաքին և ներքին մարտահրավերներին, տնտեսության զարգացմանը քաղաքական կամքից բացի անհրաժեշտ է նոր կադրային քաղաքականություն: Միանշանակ կիսելով հոդվածագրի կարծիքը, անհրաժեշտ է փաստել, որ իսկապես մեր երկրում հին կադրերով գլոբալ բարեփոխումներ իրականացնելը դժվար է, և ոչ անհնարին: Ակամայից հիշեցի 2000 ականների սկիզբը, աշխատում էի ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարությունում, մեր վարչության ֆունկցիանների մեջ էր մտնում նաև ամենամսյա մոնիտորինգը հանքարդյունաբերական ձեռնարկությունների, այսինքն՝ արտադրական ծավալ, արտահանում, վաճառք և այլն: Վարչությունում աշխատում էր մի տարեց մարդ, որ կարելի է ասել բավականին աշխատանքային փորձ ուներ, որից իսկապես շատ բան սովորել եմ, սակայն երբ գալիս էր թվեր ամփոփելու ժամանակը ինքը չէր վստահում ոչ համակարգչին ոչ էլեկտոնային հաշվիչին, դարակից հանում էր հավանաբար 60-70 ական թվականներից մնացած ձեռքի մեխանիկական գնդիկավոր հաշվիչը, մնացածը պարզ է արդեն..
Կարելի է ասել որ այսօր գրեթե նույն վիճակն է, դժվար է բարեփոխումները վստահել մարդկանց , որոնք աշխատել են ՍՍՀՄ պլանային տնտեսությունում, որոնց համար տնտեսություն, կամ արտադրություն ասածը սահմանափակված էր կենտրոնից տրված գումարը ծախսելու մեջ, և ավելորդ է խոսել արդյունավետության մասին: Այժմ այլ ժամանակներ են ու իսկապես խելացի, բանիմաց ու պրոֆեսիոնալ կադրեր անհրաժեշտություն ունենք: Հիմա հավանաբար շատերը կասեն որտեղից: Հավատացնում եմ, որ կան շատ խելացի երիտասարդներ, սակայն ավաղ նրանցից շատերը իրենց աշխատանքային կարիերան գերադասում են կերտել արտերկրում, դա բնականաբար ունի իր պատճառները: Իսկ պատճառներից ամենահիմնական իմ կարծիքով «բետոն» է է պատն է, որ շարված է նրանց առաջ: Ինչպես պետք է երիտասարդ մասնագետը աշխատանք գտնի, մեր օրյա Հայաստանում, առաջինը բնական է քաղաքական թիմի միջոցով, իսկ եթե հանկարծ քաղաքական վերադասավորումներ եղան, պատկերացնում եք, որ միանգամից կհայտնվի գործազուրկի վիճակում, երկրորդ, ԽԾԲ- (խնամի ծանոթ բարեկամ)- իսկ եթե «ԽԾԲ»ին աշխատանքից ազատեն, ել չեմ խոսում մնացած եղանակների մասին-հանգուցալուծումը պարզ է:
Ցավոք 25 տարվա անկախության շրջանում հավանաբար մատների վրա կարելի է հաշվել երիտասարդ մասնագետների, որոնք միմիայն իրենց աշխատասիրության, խելքի ու այլ արժանիքների շնորհիվ հասել են որոշակի բարձունքներ: Կարծում եմ. եթե ուզում ենք, որ հասարակույան մեջ հավատ ներշնչվի վաղվա օրվա նկատմամբ, և եթե իսկապես ուզում ենք, որ ունենանք ապահով երկիր, պետական համակարգի գերակշռին մասին «թոշակի» ուղարկելու ժամանակն է:
Չեմ ուզում երբեք համեմատվենք հարևան պետության՝ Վրաստանի հետ, սակայն նույն պետական կառավարման բարեփոխումների մակարդակով մի քանի քայլ հաստատ առաջ են մեզնից: Խոսում ենք կոռուպցիան արմատախիլ անելու մասին, սակայն դրա վառ օրինակը կարող է լինել հարևան երկիրը: Շատերս նշում ենք , որ Ճանապարհային ոստիկանությունը երկրի «դեմքն» է, սակայն այդ համակարգում առկա է կոռուպցիա, բայց պատճառի մասին կարծես չենք խոսում: Ոստիկանապետը անգամ նշում է դրա մասին, բայց բիրթ ու կոշտ մեթոդներով չէ, որ պետք է պայքարել դրա դեմ, այլ իսկապես մտածողություն պետք է փոխվի: Ինչու հարևան երկրում , նույն ՃՈ աշխատակիցը գումար չի վերցնում, ավելին չեն էլ առաջարկում գումար, որովհետև բարեփոխվել են , (թերությունների մասին չեմ ուզում խոսել) և իրականում մարդկանց մտածելակերպն է փոխվել:
Վրաստանի հանրապետությունում հաճախակի եմ լինում, բնականաբար ՃՈ աշխատակիցների հետ շփումը պարբերաբար լինում է արագության գերազանցում կամ նմանատիպ այլ խախտումներ: Հավատացնում եմ Ձեզ, որ ոչ բոլոր խախտումներն են արձանագրում, այսինքն ներողամիտ են օտարերկրա քաղաքացինների նկատմամբ , որովհետև հասկանում են , որ նրանցից յուրաքանչյուրը գումար է ծախսում իր երկրում, որից և ինքը աշխատավարձ է ստանում: Համեմատությունը թողնում եմ Ձեզ…
Նմանատիպ մի դեպք իմ հետ եղավ նախորդ տարվա ամռանը, երբ մեքենաս կանգնեցրեցին ապակինների մքեցվածության համար, և ուզում էին տուգանեն 100 լարի չափով, բնականաբար հակաճառելը անիմաստ էր, սակայն ընդամենը մի նախադասություն ասեցի, ներեղություն խնդրելով, որ իսկապես օրենքը չգիտեմ, որ իրենց երկրում չի կարելի մգեցված ապակիններով շահագործել: Տեսուչը հարցրեց որտեղից եք գալիս, պատասխանս էր Բաթումի հանգստանում էինք ընտանիքով, արդեն մոտ 7 տարի է, ամեն տարի: Վերադարձրեց փաստաթղթերը և բարի ճանապարհ մաղթեց:
Ամփոփելով մտքերս ուզում եմ հավատամ որ մենք իսկապես մեր մեջ ուժ ու կամք կգտնենք գնալու իսկական բարեփոխումների ճանապարհով բոլոր ոլորտներում, և ոչ միայն ձևական , «դրսերին» ցույց տալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել