Իր անկանխատեսելիությամբ ու մարտահրավերներով նախորդ տարին դեռ նորին երկար կպարտադրի խարխափել ու բզկտվել իր որոգայթում: Աշխարհակարգ է փոխվում: Գերտերությունների կողմից պարտադրված «քաղաքակրթական» օրակարգին Արևելքը հակադրեց կրոնական ֆանատիզմի վայրի բնազդը: Ներ և միջկրոնական պատերազմների արհավիրքը, իրապես, քաղաքակրթությանը կործանարար ձեռնոց է նետել: Անշուշտ, մեծերն ու ուժեղները կուտակել են դիմադրողականության անհրաժեշտ պաշար և ունեն տարբեր իրավիճակներից դուրս գալու սցենարներ: Փոքրերի համար էլ են արարներ նախատեսված՝ չհրապարակված օրակարգերում որոշների համար նաև մատաղացու գառի կարգավիճակ: Վտանգը մեծ է խաչմերուկային փոքրերի, առավել ևս՝ քաղաքակրթական խաչմերուկներում հանգրվանածների համար: Առաջին աշխարհամարտը մեր օրինակով դա ապացուցել է: Ժողովրդական իմաստությունը նման դեպքերը բանաձևել է՝ քաոսի, առուփախի ժամանակ շունը տիրոջ չի ճանաչում: Առավել ևս՝ տերն էլ շան: Հետագայում փոքրերի պատմական արդարության պահանջն ուժեղների ձեռքին դառնում է խաղաքարտ, մորթվածների համար՝ հոտընկայս հարգանքի տուրքի հանդես: Մենք պարտադրված ենք այս իրավիճակում առավելագույնս մեկտեղել մեր ունեցած բոլոր ռեսուրսները, որոնք քիչ չեն, և, ինչու ոչ, պատմությանը նաև այլ օրինակ հրամցնել՝ ունեցածի հակառակը:
Ա.Ի. Սոլժենիցինը, ով բավականին քաջատեղյակ էր մեր պատմությանն ու անթաքույց հարգանք ուներ մեր ազգի նկատմամբ, մի զրույցի ժամանակ հետաքրքիր համեմատություն անցկացրեց մեր պատմության ու շագրենու կաշվի միջև: Իր համար անհասկանալի էր կամ, ավելի ստույգ, չէր ուզում հասկանալ և ինձանից էր փորձում բացատրություն ստանալ՝ ինչպես և ինչով բացատրել, որ 1-ին դարում, ունենալով 310 հազար քառ.կմ. տարածք, լինելով տարածաշրջանում խաղի հիմնական կանոններ թելադրողներից մեկը, շագրենու կաշվի նման փոքրացանք և վերածվեցինք մի ափաչափ երկիրի՝ բազմաթիվ չլուծված խնդիրներով ու անորոշություններով: Ես չփորձեցի պատմականորեն «արդարացնել» ակնհայտը, չնայած, կարծում եմ, երկուսս էլ ունեինք դրա պատասխան…
Պատմությունը նաև կրկնվող իրավիճակների շարան է՝ երբեմն դաժան և վերջնագրային: Շահում են նրանք, ովքեր կարողանում են ժամանակի և տարածության մեջ իրենց սխալները սրբագրել:

Մենք պարտավոր ենք եթե ոչ ուրիշների, ապա գոնե մեր սխալներից դասեր քաղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել