Դեկտեմբերի 22-ին Սարյան պուրակում (Մալիբու սրճարանի տարածքում) կբացվի գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը:

Բացման արարողությանը կմասնակցեն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Բացի այդ, միջնորդների ներկայությունը տոնավաճառին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկում: Տոնավաճառների մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվելու են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: 
Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով և համերգային ծրագրերով: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվում է ՀՀ ոստիկանության կողմից: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները:

Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել