Օպերայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքը սկզբից մինչև վերջ հոգեթերապիա է և արարողություն, ցավոք սրտի: Նիցշեն ասում էր. «Ճշմարտությունը կարիք ունի ուժի: Ճշմարտությունն ինքնին ուժեղ չէ, անկախ այն ամենից, թե ինչ են այդ կապակցությամբ ասում պերճախոս մարդիկ: Ճշմարտությունը, ընդհակառակը, պետք է գրավիչ լինի ուժի համար կամ ինքը տրվի ուժին, հակառակ դեպքում չոչնչանա»:
Հիմա հանրահավաքին ելույթ ունեցողները համոզում են իրենք իրենց և մյուսներին, որ իրենց ճշմարտությունը կենսունակ է: Ցավոք, ճշմարտության կենսունակ լինելու միակ տարբերակն ուժի հետ համատեղ գործելն է, իսկ այդ ժամանակ ելույթ ունեցողները պարտվելու են իշխանությանը, որովհետև իշխանությունը միշտ ավելի ուժեղ է:
Առանց ուժի օգնության, միայն խոսքի և գիտակցության մակարդակում գործող ճշմարտությունը դատապարտված է մարդկանց փակուղի տանելու: Ցավոք սրտի, հրապարակում ելույթ ունեցողները, գիտակցելով, թե՝ ոչ, գնում են դեպի ուժային բախում: Իշխանությունները պետք է չտրվեն ուժի միջոցով հարցը լուծելու գայթակղությանը կամ մարտահրավերին, նույնիսկ եթե այդպիսի մարտահրավեր ուղղակիորեն հնչի հարթակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել