Картинки по запросу սահմանադրությունՀավատացեք՝ սահմանադրական փոփոխությունների բովանդակությունն ավելի քիչ է ինձ հետաքրքրում (ի վերջո, երկիրը կարող է զարգանալ կամ կործանվել կառավարման տարբեր համակարգերում), քան գործընթացի բովանդակությունը, հանրաքվեին ուղեկցող քաղաքական գործընթացը: Այստեղ արդեն մտահոգություններն առարկայական ու լուրջ են:
Իշխանությունը չունի քաղաքականապես մոտիվացված ասելիք՝ հույսը դնելով վարչական ռեսուրսի նպատակային օգտագործման վրա, վստահ լինելով, որ ընդդիմության անապատացած դաշտը դիմադրելու, հակազդելու որևէ ռեսուրս չունի:
Ընդդիմության «ոչ»-ը նույնքան ոչ ռացիոնալ է ու սպասարկում է քաղաքական տրամաբանության համատեքստից դուրս գտվող վիրտուալ գաղափարներ: Օրինակ, միայն վիրտուալ հարթության մեջ է հնարավոր խոսել հեղափոխության հնարավորության մասին, ըստ այդմ՝ եթե մեկն այդ կարգախոսով է մտնում քարոզարշավ, ապա ծաղրում է քաղաքացուն, նրա ընտրությունը:
Քարոզչության պատրաստվող իշխանավորը չի կարդացել սահմանադրության նախագիծը ու քարոզելու է Սերժի խաթր, «ոչ» ասող ընդդիմադիրը նույնպես՝ կարդալու զահլա չունի ու քարոզարշավին մասնակցում է Սերժի ինադու:
Բովանդակային քարոզարշավ չենք ունենալու, հանրաքվեում անխուսափելի հաղթանակ է տանելու իշխանությունը, որովհետև երբ ընդդիմությունը քաղաքական ու գաղափարական պրոդուկտ չի ներկայացնում, վճռորոշ է ղառնում իշխանության առաջարկած նաղդը՝ 10000 դրամը կամ մեկ այլ բան:
Այս առումով՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը, բովանդակային իմաստով, տանուլ ենք տվել, որովհետև բացակայում է հանրային դիսկուրսը ու դրա արդյունքում՝ կոնսենսուսի հասնելու հնարավորությունը:
Դեկտեմբերի 6-ին ունենալու ենք նոր սահմամանադրություն: Սակայն դա, անկախ բովանդակությունից, լինելու է ոչ թե հասարակության կոնսենսուսի, այլ անտարբերության ծնդունդ:
Այ սա է ինձ մտահոգում ու վախեցնում,«այո»-ի ու «ոչ»-ի ու դրանց կրողների գաղափազուրկ ընդհանրությունն ու պետությունն արժեզրկելու նրանց «միասնական» վարքագիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել