Այսօր առաջին անգամ մանուշակագույն ավտոբուս եմ բարձրացել սայլակով: Այո, այսօր Երևանի համար պատմական օր էր։ Դեռևս 2013 թվականից քաղաքապետարանի կողմից խոստացված 10 ավտոբուսները վերջապես դուրս եկան երթուղի: Դրանց վրա վերելակներ են տեղադրվել, և տեղաշարժման դժվարություն ունեցող մարդիկ, մանկասայլակներով ծնողներ կարող են հեշտությամբ բարձրանալ ավտոբուս: Բայց այսքանով ավտոբուսները չենք կարող ամբողջությամբ հարմարեցված համարել, քանի որ սայլակով ուղևորների համար ներսում չկան համապատասխան անվտանգության գոտիներ և որևէ միջոց՝ կոճակ կամ որևէ թել, վարորդի հետ կապ հաստատելու համար: Այդ ամենը ես չեմ հնարել, և դա ոչ էլ իմ կամակորությունն է, դրանք միջազգային ստանդարտներ են, որոնք անհրաժեշտ են ուղևորի անվտանգության և տրանսպորտային միջոցից նրա ինքնուրույն օգտվելու համար: Այս մասին բազմիցս խոսել եմ նաև քաղաքապետարանի աշխատակիցների հետ, բայց որքան տեսնում եմ, դեռ շատ անելիք կա: Ինչևէ, շնորհավորում եմ մեզ՝ երևանցիներիս, որովհետև մեր քաղաքը ևս մեկ ձեռբերում ունեցավ: Հուսով եմ՝ խնդիրները լուծում կստանան, եթե, իհարկե, մենք չանենք մի բան՝ պարզապես անելու համար, այլ դա անենք իսկապես մեր քաղաքն ավելի լավը դարձնելու համար: Շնորհակալություն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել