Դաժան փորձություններով է անցնում Հայաստանը անկախությունից ի վեր: Անկախությունը, բնականաբար, հեշտ բան չէ, մանավանդ այն տարածաշրջանում գտնվող երկրի համար, որտեղ բախվում են, ինչու չէ երբեմն նաև համընկնում են գերտերությունների շահերը: 
Դժվարությամբ, պատերազմի ու արյան գնով ձեռք բերեցինք այնքան մեզ համար ցանկալի անկախությունը, ինչ-որ չափով կարելի է ասել նաև հարաբերական խաղաղությունը: Սակայն, ավաղ, դեռևս չունեցանք մեր երազների երկիրը: 
Երջանկահիշատակ Տիգրան Նաղդալյանը սիրում էր կրկնել` ՄԻ ՔԻՉ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ և ՀԱՎԱՏ, և ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ:
Ինչ կասերը Տիգրանն այսօր, եթե ողջ լիներ, դժվար է ասել…
Համբերությամբ և հավատով լեցուն սպասում ենք այդ վաղվա օրվան, սակայն «վաղն» էլ կարծես ուշանում է:
Ամեն մի ուշացող «վաղն» իր հետ բերում է հիասթափություն ու արտագաղթ, տնտեսության անկում ու բարոյալքում ու մեզ համար այնքան ցանկալի հավատի մարում:
Դժվար է կանխատեսել՝ երբ կգա մեր երազների «վաղվա» օրը: Ավաղ, վերջին տարիներին ամեն մի «վաղը» ավելի լավ չէ, քան այսօրը: 
Հարգարժան պաշտոնյաններ, «մանր ու միջին» չինովնիկներ, մի պահ վերացեք ձեր պաշտոններից, դուրս եկեք ձեր տաքուկ սենյակներից, փափուկ բազկաթոռների միջից հանեք ձեր «ճարպակալած» հետույքները. թողեք կերուխումի ճոխ սեղանները, շքեղ մեքենաներն ու բրենդային հագուստները, թողեք դատարկ PR-ները, «դուրս եկեք հեռուստացույցների և սոցիալական ցանցերի միջից» ու մտեք ժողովրդի մեջ: Աշխատացրեք ձեր ուղեղի «մեռած բջիջները»:
Աշխատեք ներքին և արտաքին ճակատում, աշխատեք ուժերի լարումով, աշխատեք գոտիններդ ձգելով ու նպաստեք, եթե կարող եք, ձեր աշխատանքով «վաղվա» օրվա գալստին:
Չնայած, անկեղծ ասեմ, և գրում եմ, և հավատացած չեմ, որ կարծրացած համակարգում ինչ-որ բան կփոխվի:
Մի քիչ էլ համբերենք ու հավատանք, միգուցե հրաշքներ լինեն, ու ամեն ինչ լավ լինի….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել