«Իսկ Ռուսաստանի հայերը հայ չե՞ն» Նկատել եմ, որ վերջին շրջանում Սփյուռքի և Հայրենիքի հայությանը մշտապես միասնական դարձնելու նպատակով որոշակի քայլեր են ձեռնարկվում: Սա արվում է ոչ միայն պետական մակարդակով, այլ հենց ժողովրդի կողմից: Սիրիահայերին օգնելու պատրաստակամությունը, որը նկատեցի հայրենակիցներիս մոտ, հպարտության առիթ է տալիս: Եղան անգամ մարդիկ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին իրենց փոքրիկ բնակարանում տեղ հատկացնել սիրիահայ որևէ ընտանիքի: Ինքս էլ, անցած տարի մասնակցեցի «Արի տուն» ծրագրին և հյուրընկալեցի մի իտալահայ տղայի, ով գրեթե ոչինչ չգիտեր իր Հայրենիքի մասին:  
Ինչևէ, այս ամենն իրոք գովելի է, բայց մի հարց կա, որն արդեն երկար ժամանակ անհանգստացնում է ինձ: Ռուսաստանում հայերի նկատմամբ իրականացվող սպանությունների մասին հայկական ԶԼՄ-ները քիչ թե շատ խոսում են, բայց պատճառները, հիմքերը, երևույթը շարունակում են անքննելի մնալ: Ռուս ազգայնականների կողմից գրեթե ամեն օր հայեր են զոհվում: Ի՞նչ ենք անում մենք դրա դեմ, ի՞նչ երաշխիք ունենք, որ հաջորդ զոհը Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցը չի լինելու: Ինչու՞ է անտեսվում այս խնդիրը, ինչու՞ քայլեր չի ձեռնարկում «բարեկամ» երկիրը: Թե՞ չենք ցանկանում փչացնել «բարիդրացիական» հարաբերությունները: Չգիտեմ, բայց կարծում եմ, որ ինչպես թիկունք ենք կանգնում Սփյուռքում գտնվող հայերին, անպես էլ պետք է սատարենք Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին:  
Ամեն սպանվող երիտասարդի համար պետք է պատասխան պահանջենք Ռուսական կառավարությունից: Մեր գործը չէ, թող տեր կանգնի իր ռասսիստ զավակներին և լուծի այս հարցը: Իսկ մենք էլ, պետք է հաճախ բարձրաձայնենք այս մասին, չէ՞ որ Ռուսաստանում բնակվող հայերն էլ են հայ և ունեն մեր աջակցության կարիքը այս հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել