ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Ընտանիքի միջազգային օրը նշվում է 1994 թվականից:
Իհարկե, մինչ այդ էլ բոլորիս ուշադրության կենտրոնում է միշտ եղել մեր ընտանիքը, քանզի հայ ժողովուրդն ի սկզբանե մեծ հարգանք ու մեծարանք է դրսևորել ընտանիքի ավագների նկատմամբ, հոգատարություն ու խնամք՝ կրտսերների նկատմամբ:
Այնուամենայնիվ, այս տոնը կրկին բոլորիս ուշադրությունը հրավիրում է մեր ընտանիքներին, ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում` ընտանիքի անդամների նկատմամբ հոգածություն և ուշադրություն դրսևորելու:
Յուրաքանչյուր երկիր հզոր է ամուր ու կայացած ընտանիքներով, քանզի ընտանիքն է հանդիսանում հասարակության ձևավորման բջիջը և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները, ազգային ու համամարդկային կարևորագույն արժեքները սերունդներին փոխանցելու հասարակական օղակը: 
Մաղթում եմ՝ Ձեր ընտանիքներում երջանկություն վայելելու բարձր զգացողություն, որի հանրագումարում՝ երջանիկ կենսակերպով հասարակություն: Համոզված եմ, որ միայն երջանիկ հասարակությամբ մենք կարող ենք կերտել մեր երկրի լուսավոր ապագան, ստեղծել զարգացող տնտեսություն, պաշտպանել մեր երկրի սահմանները և ապահովել հարատև խաղաղություն:
Ուստի բոլորիդ մաղթում եմ երջանիկ, ամուր ու կայուն ընտանիք:
Ձեր ընտանիքներում թող միշտ իշխի խաղաղություն, սեր և բարեկեցություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել