Ինչպես տեղեկացանք անցնող շաբաթվա պաշտոնական լրահոսից և մամուլի հրապարակումներից ՀՀ Ազգային ժողովում ներկայացված երկու քաղաքական ուժերի` «Հայ Ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպում չեն ունեցել ՀՀ Նախագահի հետ վարչապետի նշանակման հարցով խորհրդակցությունների նպատակով: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով հստակ ձևակերպված է, որ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները մասնակցեին այդ խորհրդակցություններին և դրանով իրենց համեստ դրական ազդեցությունը թողնեին ներքաղաքական երկխոսության մշակույթի վրա: Այժմ. եթե որևէ մեկը ցանկանա կոշտ գնահատականներ հնչեցնել, ապա կարող է ասել, որ «Հայ Ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները, մերժելով Նախագահի հետ հանդիպման հրավերը, գիտակցված կերպով խախտել են ՀՀ Սահմանադրությունը: Հարկ եմ համարում նշել, որ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Սա նշանակում է, որ եթե մարդն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ապա, անկախ տվյալ պահին ունեցած իր քաղաքական հայացքներից և կոնկրետ գործընթացների վերաբերյալ ունեցած վերաբերմունքից, հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնատար անձ, որը ներկայացված է օրենսդիր իշխանության մեջ, այսինքն` հանդիսանում է իշխանության կրող: Լինելով պատասխանատու հանրային պաշտոնյա, Նախագահն առաջնորդվում է Սահմանադրության ոգով և տրամաբանությամբ: Կարծում եմ նույն կերպ պետք է վարվեն բոլոր հանրային պաշտոնյաները: Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, սակայն իմ պատկերացմամբ Սահմանադրության վերոհիշյալ դրույթը չի ենթադրում ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում քաղաքական համաձայնություն հայտնել ներկայացվող առաջարկներին, սակայն չի նախատեսում նաև այդ գործընթացից հրաժարում: Կարծում եմ, որ երբեմն այս կամ այն օրենքի սահմանադրականությունը վիճարկող պատգամավորները, պետք է մշտական հարգանք ցուցաբերեն Սահմանադրությանը վերաբերող բոլոր հարցերի նկատմամբ` պետական գործչին վայել կեցվածք ցուցաբերելով պետական կառավարմանը վերաբերող հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել