Բամբասա՞նքը, թե՞ լրատվական դաշտը կարգավորող օրինագիծParliamentmonitoring.am-ը գրում է.

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները» թեմայով: Քննարկվում էր Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են պատասխանատվության ենթարկել այն լրատվամիջոցին, որը որևէ անձի ծանուցումից հետո չի հեռացնում անհայտ աղբյուրի կողմից իր մասին հրապարակած վիրավորական կամ զրպարտչական բնույթի հրապարակումը: «Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո` անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում»,- նշված է նախագծի դրույթներից մեկում:

Օրինագիծը հեղինակել են ԱԺ 6 խմբակցությունների ներկայացուցիչները՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը և Էդմոն Մարուքյանը:

Օրինագծի նախապատմությունը

Խոսքը «ֆեյքերի մասին» պայմանական անվանումը ստացած նախագծի մասին է, որը խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել շաբաթներ առաջ և այս ընթացքում արժանացել է լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների քննադատությանը: Օրինագծի նախնական տարբերակով առաջարկվում էր սոցիալական ցանցերի անհայտ օգտատերերի գրառումները հրապարակող լրատվամիջոցներին ենթարկել պատասխանատվության, եթե որևէ անձ այդ նյութերում իր համար վիրավորական կամ զրպարտչական բնույթի արտահայտություն է գտնում, 12 ժամվա ընթացքում այն հեռացնելու և հեղինակի նույնականացման տվյալները բացահայտելու պահանջով դիմում է լրատվամիջոցին, բայց վերջինս չի կատարում այդ պահանջը: 

Քննադատություններից հետո հեղինակները նախագծում փոփոխություններ կատարեցին և սոցցանցերում անհայտ օգտատիրոջ փոխարեն ամրագրեցին «տեղեկատվության աղբյուր» արտահայտությունը: Բայց միևնույնն է, այն իր մեջ կրկին կարող է ներառել նույն «ֆեյքերի» գրառումներն ու անգամ լրատվամիջոցում հրապարակված նյութի տակ թողնված մեկնաբանությունները:

«Հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջ կողմից վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջը չկատարելու դեպքում տուժողը իրավունք ունի դատական կարգով հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` հրապարակային ներողություն խնդրել, հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը և վճարել վիրավորանքի կամ զրպարտության սույն հոդվածով նախատեսված չափի փոխհատուցում` անկախ մեկնաբանության հեղինակին պահանջ ներկայացնելու հանգամանքից»,- նշված է նախագծի մեկ այլ դրույթում:

Նախագծի հեղինակներն իրենց առաջարկությունը հիմնավորում են լրատվական ոլորտը կարգավորող օրենսդրությունն ավելի հստակեցնելու անհրաժեշտությամբ, մինչդեռ ընդդիմախոսները կարծում են, որ գործող օրենսդրությունն ամբողջությամբ կարգավորում է ոլորտը, և նոր նախագիծ ներկայացնելու կարիք չկա: Նախագծի հեղինակները վկայակոչում են Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի փորձը, ընդդիմախոսները հակադարձում են, թե աշխարհն այդ ուղղությամբ առաջին քայլերն է անում, և պետք է սպասել ու տեսնել, թե դրանք ինչ արդյունքի կբերեն:

Ի՞նչն է մտահոգում լրատվամիջոցներին

Լրատվամիջոցները, լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները կարծում են, որ առաջարկվող փոփոխությունները սահմանափակում են խոսքի ազատությունը: Քննարկման ժամանակ ելույթ ունեցան թե նախագծի հեղինակներն ու այլ պատգամավորներ, թե տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հեղինակներից Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, թե անմտություն է նախագիծը որպես խոսքի ազատության դեմ ուղղված քայլ դիտարկելը: Նշեց նաև, որ մտահղացումը ծնվել է որոշ լրատվամիջոցների ղեկավարների ու լրագրողների առաջարկով: Խորհրդարանական բոլոր խմբակցությունների պաշտպանությունը վայելող օրինագծին դեմ էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտա Եսայանը: Հենց նա էլ կասկածի տակ դրեց պնդումը, թե նման նախագիծը պաշտպանող լրատվամիջոցներ կամ լրագրողներ կան, հատկապես երբ ներկա չեն քննարկմանը: «Խոսքի ազատության հետ մենք խնդիր ենք ունենալու»,- հայտարարեց Մ.Եսայանը:

«Պատկերացրեք՝ մի չինացի քոմենտ է գրում, որ Սարիբեկ Կիրակոսյան պատգամավորը գիժ է, հիմա ի՞նչ անենք, ընկնենք-գտնե՞նք էդ չինացուն»,- հեղինակներին հարցրեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

«Առաջարկվող լուծումները վտանգավոր են լրատվամիջոցների համար և խնդրահարույց՝ իրավական առումով»,- հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ հիշեցրեց. «Մենք այս ոլորտում չունենք դատական լուրջ փորձ ու միանգամից փորձում ենք մտնել օրինական դաշտ: Եթե նայենք, թե օրենքում ինչպես է մեկնաբանվում լրատվամիջոցը, ապա այդ սահմանման տակ կարելի է հասկանալ օdnoklasnniki.ru, facebook.com-ի պրոֆիլը, կեղծ պրոֆիլը, եթե այն հրապարակային է»:

«Ֆեյքերի մասին» օրինագծի հեղինակները ցանկացել են կարգավորել բամբասանքի ոլորտը՝ կարծում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը. «Բամբասանքը կա խոսքի գոյությունից ի վեր, բայց առայժմ այն կարգավորել չի հաջողվել։ Եթե հաջողվի, Նոբելյան մրցանակին արժանի նախագիծ կլինի»:

«Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն էլ կարծում է, որ նախագծում հստակեցված չեն հարցերը, թե ինչպես պետք է կողմնորոշվել` հրապարակումը վիրավորա՞նք է, թե՞ ոչ, կամ իրավատերը լրատվամիջոցին ինչպե՞ս պետք է ծանուցի իր պահանջի մասին ` գրավո՞ր, թե՞ բանավոր և այլն:

Հեղինակներն անդրդվելի են

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե ընդդիմախոսների ոչ բոլոր դիտարկումներն էին օգտակար: «Ակնհայտ էր, որ չէին ընթերցել նախագիծը կամ ընկալել հեղինակների բուն հայեցակարգը: Կարելի է ասել, որ ելույթների մի մասը արժեքային տեսակետից շատ բարձր չէին: Մի մասը պարունակում էին օգտակար հատիկ, ինչը նշանակում էր՝ միգուցե անհրաժեշտ են լրացուցիչ կարգավորումներ, որպեսզի օրինագիծը տարընթերցումներից զերծ լինի, որպեսզի բոլորին հասկանալի լինի ճշգրիտ նպատակը: Կարծում եմ՝ մեր նպատակն է լրամշակման ժամանակ շտկել բացերը»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը նաև ընդգծեց, որ նախագծից ընդհանրապես հրաժարվելու կոչերը հեղինակների համար անընդունելի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել