Civilnet.am-ը գրում է.

Կառավարությունը ներկայում աշխատում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման պահուստային տարբերակի վրա։

Կառավարությունը պատրաստ չէ հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից։ Իշխանությունները տեղյակ են անգամ Սահմանադրական դատարանի մարտի 28-ին կայացվելիք որոշմանը և ըստ այդմ փոփոխություններ են նախապատրաստում կուտակային կենսաթոշակների մասին օրենքում։

Կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից, եթե անգամ Սահմանադրական դատարանը մարտի վերջին հակասահմանադրական ճանաչի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչին վերաբերվող հոդվածները։

Գործադիրը ներկայում աշխատում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման պահուստային տարբերակի վրա։ ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է մշակել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների այնպիսի փաթեթ, որը չի հակասի Սահմանադրությանը։

Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ «պարտադիր կուտակային վճարը» հակասահմանադրական է, քանի որ այն չի կարող դիտարկվել որպես Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսվող պարտադիր վճարում («Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ»)։ Հակասահմանադրական է այն, որ եթե պարտադիր կուտակային վճարը գնահատվելու է որպես տուրք կամ հարկ, ապա այն պետք է մուտքագրվի պետական կամ համայնքային բյուջե, այնինչ հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքով այս վճարները փոխանցվում են մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր։

Կառավարությունը գտել է պարտադիր կուտակային վճարների մասով լուծումը. մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթում դրանք արդեն կոչվում են «պարտադիր կենսաթոշակային վճար»-ներ, փաստացի գնահատվում որպես հարկատեսակ և վճարվում պետբյուջե։ Այլ կերպ ասած՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները կատարվում են ելնելով այն տրամաբանությունից, որ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնվածների համար կենսաթոշակների վճարումները հանդիսանալու են հարկատեսակ (տուրք)։

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի շուրջ Սահմանադրական դատարանը իր որոշումը հրապարակելու է միայն մարտի 28-ին, սակայն կառավարության կողմից նախապատրաստվող փաթեթը հուշում է այն մասին, որ իշխանություններին հայտնի է դատարանի որոշման բովանդակությունը։ Պարզ ասած՝ «պարտադիր կուտակային վճարները» հակասահմանադրական ճանաչելու մասին ՍԴ-ի որոշումից հետո կառավարությունը շատ արագ Ազգային ժողով կներկայացնի արդեն ՍԴ-ի որոշմանը համապատասխանող օրենսդրական փաթեթ։ Խորհրդարանական մեծամասնության հավանությունից հետո կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգը կսկսի գործել արդեն այս տարվա երկրորդ կեսից։

Նույն տրամաբանությամբ, այլ մեխանիզմներով

Կառավարության կողմից մշակվող օրենսդրական փոփոխությունները չեն վերանայում պարտադիր կուտակային համակարգի տրամաբանությունը, փոխվում են միայն պարտադիր վճարումների գանձման մեխանիզմները։

Գործատուները աշխատակիցների անվանական («կեղտոտ») աշխատավարձից (եթե այն չի գերազանցում 500 հազ. դրամը) պետք է պահեն 5%-ի չափով գումար և փոխանցեն «կամուրջ հաշվին»։ Կառավարությունը, արդեն պետբյուջեից, աշխատակցի աշխատավարձի 10%-ի չափով գումարը կփոխանցի համակարգի մասնակցի անհատական հաշվին, որտեղից էլ միջոցները կուղղվեն կենսաթոշակային ֆոնդեր։

Օրենքում կոսմետիկ այլ փոփոխություններ էլ են կատարվել՝ հանրային դժգոհությունները մեղմելու նպատակով։ Մասնավորապես՝ օրենսդրական փաթեթում ամրագրվելու է, որ պարտադիր կուտակային համակարգի մասնակիցն իրավունք է ունենալու կառավարել կենսաթոշակային հաշվում հաշվառված կենսաթոշակային ֆոնդերի փայերը։ Թեև քաղաքացու այս իրավունքը գործում է նաև օրենքի հունվարի 1-ից ուժ մեջ մտած տարբերակում և ամրագրված է հոդված 40-ում, կառավարությունը հարկ է համարել մեկ անգամ ևս ամրագրել, որ մասնակիցն ունի կենսաթոշակային ֆոնդը և ֆոնդի կառավարչին ցանկացած պահի փոխելու իրավունք։

Փոփոխված տարբերակում հստակեցվում է նաև, որ մասնակցի մահվան դեպքում ժառանգները պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են տիրապետել, տնօրինել և օգտագործել անսահմանափակ կերպով։ Ներկայում ժառանգները կենսաթոշակային ֆոնդերի փայերը կարող են փոխանցել միայն իրենց կենսաթոշակային հաշվին։

Հանուն Մաքսային միության

Կառավարության կողմից օրենսդրական այս փոփոխություններն էլ ավելի են բարձրացնում կուտակային համակարգի երկարաժամկետ ռիսկերը։ Օրենքի ներկայում գործող տարբերակով հստակ ամրագրված է, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել միայն զարգացած երկրների՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կամ Եվրոպական միության ֆինանսական շուկայի գործիքներում։ Արտերկրում ներդրումների նման սահմանափակումը միտված էր ապահովագրելու միջոցները մեծ ռիսկերից։ Կառավարությունում այժմ գտնում են, որ կենսաթոշակային ֆոնդերի միջոցները կարելի է ներդնել նաև Մաքսային միության անդամ երկրներում, ինչը էապես բարձրացնում է ֆոնդերի սնանկացման ռիսկերը։ Այսպես, օրինակ՝ միայն այս տարի Ռուսաստանում ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 10%-ով, կամ՝ Ղազախստանում փետրվարի 11-ին Կենտրոնական բանկը հրաժարվեց ազգային արժույթի փոխարժեքի ֆիքսման քաղաքականությունից, ինչի արդյունքում տենգեն դոլարի նկատմամբ արժեզրկվեց մոտ 20%-ով։ Պարզ ասած՝ Ռուսաստանում և Ղազախստանում ազգային արժույթով խնայողությունները կրճատվել են դոլարային համարժեքով։

Ստացվում է, որ Մաքսային միության երկրների ֆինանսական գործիքներում կենսաթոշակային միջոցների ներդրումը թույլատրելու հարցում կառավարությանը հերթական անգամ առաջնորդվել է ոչ թե տնտեսական մոտիվներով, այլ քաղաքական։

Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգն ամեն գնով ներդնելու, ռիսկային երկրներում ներդրումներ թույլատրելու հանգամանքը խոսում է այն բանի մասին, որ գործադիրն իրականում մտածում է ոչ քաղաքացիների ապագայի մասին, այլ փորձում է լուծել ընթացիկ ֆինանսական խնդիրները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել