Ազգային Ժողովում այսօրվա հայտարարությունս

Մեր երկրի հեղինակությունն ու բարի համբավը, թվում է, թե առաջնահերթ պետք է լինի մեզանից ցանկացածի համար, իսկ յուրաքանչյուր քաղաքացու առօրյա խնդիրներն ու հոգսերը թեթևացնելուն միտված աշխատանքը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը: Սա հնչեցնելն անգամ ավելորդ եմ համարում, քանի որ սա է մեր գործունեության էությունը: 
Սակայն այսօր ձևավորվել է մի մթնոլորտ, երբ տարբեր քաղաքական ուժերի կողմից հուսալքող, հիասթափեցնող, հոռետեսություն տարածող բոցաշունչ ելույթները դարձել են կենսակերպ: 
Այո, համաձայն եմ, երկրում կան խնդիրներ, դեռ կա հսկայածավալ աշխատանք, կա դեռևս չլուծված հիմնախնդիր, և որևէ մեկը սա չի ժխտում: Սակայն, սրա հետ մեկտեղ կա նաև առաջընթաց, դրական տեղաշարժ, կատարված զգալի աշխատանք, ինչի մասին վկայում են փաստերը: Որպես օրինակ թույլ տվեք մատնանշել բազմիցս ահազանգված և մշտական ուշադրության կենտրոնում գտնվող մի խնդիր՝ արտագաղթը: Այսօր այս ամբիոնից հնչեցին հերթական պնդումները, որ իշխանությունը ժողովրդին մղում է դեպի արտագաղթ:
Խոսեմ փաստերով, ներկայացնեմ թվեր՝ 2013 թվականին միգրացիոն հոսքերի համադրման արդյունքում բացասական սալտոն կազմել է 31.188 մարդ, մինչդեռ 2012 թ.-ին, ընդամենը մեկ տարի առաջ, այն եղել է 42.811: 
Իհարկե, հայրենիքից հեռացող գեթ մեկ քաղաքացին էլ կորուստ է մեզ համար, և այս 31 հազար ցուցանիշը մտահոգում է բոլորիս: Սակայն համաձայնեք, որ ակնհայտ է, որ տեմպը զգալիորեն նվազում է, և դեռ կնվազի, վստահեցնում եմ ձեզ: Մեկ տարվա ընթացքում ավելին, քան 11.600 հոգով նվազած ցուցանիշը դրական արդյունք է, և շարունակաբար հնչող հայտարարությունները, որ Հայաստանը հայաթափ է լինում, դատարկվում է և այլն, մեղմ ասած, բարոյական չեն: Հասկացեք, սիրելիներս, դրանով դուք իշխանություններին չեք վնասում, երկրին եք վնասում: Ի վերջո, իրերը պետք է կոչել իրենց անուններով, մեկ տարվա ընթացքում ցուցանիշի փոփոխությունը 42 հազարից դեպի 31 հազար հաստատում է արտագաղթի տեմպը նվազումը:
Մեր բոլորի խնդիրն է հույս արթնացնել մեր քաղաքացիների մոտ, այնպես աշխատել, որ նոր հնարավորություններ և նոր հեռանկարներ բացվեն յուրաքանչյուրի համար, արտագաղթի տեմպը նվազեցնելով՝ այն հասցնել զրոյի, և ապա զբաղվել մեր երկրից հեռացած քաղաքացիների համար վերադառնալու հնարավորություններ ստեղծելով: Ես պատրանքներով չեմ ապրում, գիտակցում եմ, որ սա արագ լուծվող խնդիր չի, բայց չնկատել առաջընթացը և անել հակառակը՝ եղած դրականը իբրև բացասական ներկայացնելը, կարծում եմ, չի տեղավորվում քաղաքական որևէ դրույթի շրջանակներում: 
Երբեմն ինձ թվում է, որ մեր ընդդիմախոսները շարժվում են Ալբեր Քամյուի հայտնի խոսքերի սկզբունքով՝ «Պատմության առջև պատասխանատվությունը ազատում է մարդկանց առջև ստանձնած պատասխանատվությունից»: 
Մենք պատասխանատու ենք մարդկանց առջև, նրանցից յուրաքանչյուրի առջև: Իսկ դու՞ք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել