2014 թվականի փետրվարի 1-ին խորը ցավով տեղեկացա, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր սիրելի բժիշկ Ստեփան Հայրապետի Ավագյանը: Երկար տարիներ է, որ Ստեփան Ավագյանը ղեկավարում է «Ջերմուկ Աշխարհ» առողջարանը` հանդիսանալով նաև այդ առողջարանի սեփականատերը: Նա իր ամբողջ գիտակցական կյանքը կապել է Ջերմուկ քաղաքի հետ, եղել է մեր հասարակության լավագույն ներկայացուցիչներից մեկը: Ստեփան Ավագյանն իր հյուրընկալ տանիքի տակ բարություն, առողջություն, ընկերական սեր և ջերմություն է պարգևել հազարավոր մարդկանց: Ջերմուկ քաղաքի հանդեպ ունեցած իր անսահման սերը նա կարողանում էր փոխանցել մեր քաղաքի հյուրերին: Նա ինքնատիպ անհատականություն էր, յուրօրինակ խառնվածքի տեր մի անձնավորություն: Նա մշտապես հաճելի զրուցակից էր` սիրահարված իր երկրին: Ստեփան Ավագյանի հեղինակությունը, բարի անունը տարածված է ոչ միայն Վայոց ձորում, այլև դրա սահմաններից դուրս: Նրա կորուստը շատ մեծ է հատկապես մեզ` նրան ճանաչող մարդկանց համար: Նա մեր հարազատն էր, մտերիմ ընկերն ու բարեկամը: Բարեկամական կսկիծով սգում եմ Ստեփան Ավագյանի անժամանակ մահը և ցավակցում նրա ընտանիքին անդամներին, ազգականներին, ընկերներին և բոլոր մտերիմներին: Մենք ոչ միայն մշտապես կհիշենք մեր սիրելի ընկերոջը, այլև երկար ժամանակ կզգանք նրա բացակայությունը, որը ոչ ոք լրացնել չի կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել