Բարեկամներ։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 2012թ հունիսի 20-ին ԱԺ-ում իմ ելույթի տեքստը՝ որպես պատգամավոր (կարող է լինել նաև ելույթ խմբակցության անունից)։

Ելույթ իբրև պատգամավոր
Հարգելի պատգամավորներ։
Հայաստանի հանրապետությունը կանգնած լուրջ քաղաքական ու տնտեսական մարտահրավերների առաջ։ Երբեք մենք այսքան մոտ չենք եղել մի ջրբաժանի, երբ երկրի հետագա զարգացումը պահանջում է ճիշտ հաշվարկված քայլերի ու գործուղությունների համալիր։ Այս առումով ՀՀ կառավարության 5-ամյա գործունեուpյան ծրագիրը դժվար է գերագնահատել։ Ուրիշ որտեղ մենք պետք է ի վիճակի լինենք ծավալել այս երկրին սպասվող մարտահրավերների, դրանց հնարավոր լուծումների, տարբերակների, ձևերի ու մեթոդների մասին։ Այս առումով ներկայացված ծրագիրը չի կարող դիմանալ որևէ քննադատության։ Այնուամենայնիվ փորձենք կանգ առնել ծրագրի առավել հիմնական 10 թերությունների վրա։
1. Փաստաթուղթը մեղմ ասած դժվար է ծրագիր անվանել։ Ընդհանրապես պետք է ի վիճակի լինել տարբերել ծրագիր, պլան, ցանկությունների շարան, տեսլական, կոնցեպցիա, հետաքրքրությունների շրջանակ և այլն բառերը։ Մասնագիտորեն ասած տնտեսական ծրագիրը դա պարտադիր կարգով պետք է լինի սահմանափակ ժամանակի ու ռեսուրսների որոշակի նպատակով արած ծախս՝ որոշակի արդյունք ստանալու ակնկալիքով։ Այստեղ միայն երկար բարակ դատողություններ են այս կամ այն ոլորտներում հնարավոր ընդհանրական, ծրագրի հեղինակների կողմից այդպես չկոնկրետացված նպատակների շուրջ։ Օրինակ վերցնենք ամենակոնկրետ բաժիններից բյուջետային համակարգում առաջարկված «ծրագրային» միջոցառուները. «շարունակվելու են ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումները, որոնց արդյունքում այն (անհասկանալի է ի՞նչը, ընդհանրապես ծրագրի շարադրումը հայերեն չէ) կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ»։ Կամ «կառավարությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել բյուջետային գործընթացների թափանցիկության և կատարման ընթացքի նկատմամբ մասնագիտական ու հանրային հսկողության աստիճանի բարձրացման համար»։ Տեսնես աշխարհում կա մեկը որ նման ընդհանուր, հանրահայտ բաներին դեմ է։ Կամ կարդում ենք. «ստեղծվելու են նպաստավոր պայմաններ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության, զարգացման ու հանրահռչակման համար»։ Ահա մի հետաքրքիր նմուշ ևս. սպորտային քաղաքականության նպատակներից մեկն էլ «անհատի ներդաշնակ զարգացումն է, աշխատունակության և երկարակեցության ապահովմանն ուղղված պայմանների ստեղծումը»։ Եվս մի նմուշ մրցակցության պաշտպանության համակարգ բաժնից. «իրականացնել մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեության նկատմամբ հսկողություն և չարաշահումների կանխարգելում՝ անպատիժ չթողնելով ոչ մի հակամրցակցային գործողություն» կամ թե «հայտնաբերել և կանխարգելել անբարեխիղճ տնտեսավարողների կողմից սպառողների շահերը վնասելու փորձերը»։ Ավելորդ չէ նշել որ այպես կոչված ծրագրում թվով 400 պարբերություն-մտքերից 270-ը այսպիսի ընդհանրական, ոչինչ չասող ֆրազաներ են։ Եթե չլինեն առանձին նախադասություններ (մի 10-15 հատ 45 էջ փաստաթղթի մեջ), ապա այս ծրագիրն առանց փոփոխությունների անհրաժեշտության կարելի կլիներ վերագրել Ֆրանսիային, Մոնղոլիային կամ էլ Սվազիլենդին։
2. Ծրագիրը չգիտես ինչու կառուցված է հետևյալ գերակայությունների վրա. տնտեսության մրցունակության բարձրացում, մարդկային կապիտալի զարգացում և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։ Ապշում ես. Ի՞նչու այս 3-ը։ Բա մյուսները։ Եթե կառավարությունը քաջություն ունենար վերլուծելու 2007թ հունիսի 21-ին այս նույն ԱԺ կողմից ընդունած ծրագիրը, որի կատարումը 100%-ով ձախողված է, ապա շատ հեշտությամբ կհասկանար, համենայ դեպս այսօրվա դրությամբ կան ակներևաբար ավելի կարևոր, հրատապ և խորը գերակայություններ. արտագաղթ, արտաքին պարտք, աղքատություն և այլն։ Ստորև տեսնում ենք փաստացի կատարողականի և խոստացածի տարբերությունը. 
1. Խոստացած 47-61% տնտեսական աճի փոխարեն ունենք 10.9%, այն էլ 2007թ 13.7% աճի հաշվին։ Արժե հիշել որ այս 13.7%-ն էլ տեղի է ունեցել 2007-ին հեռահաղորդակցության ոլորտում ակտիվների առուծախի հետևանքով։ Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի նախագահ աշխատելու ընթացքում (2008-2011թթ) ՀՀ տնտեսությունը նվազել է շուրջ 3 տոկոսով այն դեպքում, երբ աշխարհում տնիտեսական աճը կազմել է 7.8%։ Այս վերջին փաստը ի դերև է հանում իշխանությունների փաստարկն առ այն, թե ՀՀ տնտեսության անկումը պայմանավորված է մեզանից դուրս գտնվող արտաքին գործոններով։ Ամենևին, անկման 85%-ը մենաշնորհների վրա հիմնված օլիգարխիկ տնտեսությունն է՝ ՀՀ բարձրագույն իշխանության (նախագահ, վարչապետ) ներգրավմամբ։
2. 2007-2011 ՀՀ լքել է 157 հազ մարդ։
3. 2007-2011թթ աղքատությունը 23%-ից հասել է 36%-ի։ Բնական է, որ տնտեսության խոստացված ապակենտրոնացումը տեղի չի ունեցել. Աղքատության աճն ինքստինքյան նշանակում է հարուստների ու օլիգարխների տեսակարար կշռի էլ ավելի բարձրացում։
4. Երկրի արտաքին պարտքը հատել է 6.5 մլրդ դոլարի սահմանը, որից պետականը՝ շուրջ 4 մլրդ դոլար։ Այդ ընթացքում արտաքին պարտքը ավելի քան կկրնապատկվել է։
5. Շուրջ 270 հազ մարդ գործազուրկ է՝ չնայած պաշտոնական հաշվառման մեջ են 73 հազարը։ Բոլոր այդ տարիներին ստեղծվել ընդամենը 1800 աշխատատեղ։
Հարց է առաջանում. Կառավարությունը երբևիցե վերլուծե՞լ է այս թվերը։ Կառավարությունը գիտի որ ՀՆԱ 10% և ավել աճի դեպքում է միայն հնարավոր կասեցնել արտագաղթը։ Ավելին, այդ աճը պետք է լինի ավելացված արժեքի աճ։ Կառավարությունը գիտի արդյոք, որ Հայաստանի արտաքին պարտքն անցել է 6.5 մլրդ դոլարը և կազմում է ՀՆԱ ավելի քան 65%-ը։ Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում վերջից 13-րդն։ Կառավարությունը գիտի, որ արտաքին պարտքի սպասարկում / ՀՆԱ ցուցանիշով (33%) աշխարհի երկրների մեջ 
վերջից 7-րդն է։ Մի՞թե չեք հասկանում, որ արդեն 2013-ի ամառ-աշուն շրջանում հնարավոր է հունական տարբերակի կրկնություն Հայաստանում։ 
Ծրագրում կառավարության ելակետային մեկնակետն այն է, որ 2008-2009թթ տնտեսական ճգնաժամով պայմնավորված անկումը վերականգնված է, ճգնաժամին հաջողությամբ դիմակայել ենք և տնտեսությունը դարձել է ավելի դիվերսիֆիկացված։ Երեք պնդումներն էլ սուտ են։ Նախ, 2008-2011թթ ՀՀ ՀՆԱ անկումը կազմել է -2.8%, իսկ աշխարհի ՀՆԱ-ն աճել է 7.2%։ Բացի այդ, 2009-ին ՀՀ տնտեսական անկումը եղել 14.1%, իսկ աշխարհինը 2.3։ Տնտեսական անկման տեմպերով Հայաստանը 208 հաշվառված երկրների մեջ եղել վերջից 4-րդը։ Խորը տնտեսական վերլուծությունները ցույց են տվել, որ նման զավեշտալի անկման պատճառն այն է, որ Հայաստանը լինելով դեֆիցիտային աշխատաշուկայի երկիր այդուհանդերձ այդ տարիներին աշխատուժ է արտահանել, ինչն էլ դարձել նման ահռելի անկման հիմնական պատճառը։ Ավելորդ չէ նշել, որ տնտեսության իրական անկումը եղել է 32%։ Վերջապես, տնտեսության իբր թե ավելի դիվերսիֆիկացված լինելը պարզապես սուտ է։ Տնտեսության դիվերսիֆիկացված լինելու ցուցանիշը արտահանման կառուցվածքն է։ Եթե 2007-ին հանքահումքային, ոչ թանկարժեք մետաղների արտադրանքի ու թանկարժեք քարերի արտահանումը կազմել է 67%, ապա 2011թ – 72.2%։ 
4. Ծրագրում կառավարությունը կրկին նախատեսում է 100000 աշխատատեղ ստեղծել։ Ինձ թվում է, որ մեր կառավարությանը ժամանակն է հանգիստ թողնել աշխատատեղ բառը և 10000 թիվը։ Նախ, ի՞նչու եք 100000 աշխատատեղ ստեղծում, եթե ընդամենը 73.9 հազ գործազուրկ ունեք (պաշտոնական թիվ)։ Երկրորդ, Սերժ Սարգսյանը 2008-ին խոստացել էր 100000 նոր աշխատատեղ։ 2008-2011 զբաղվածների թիվն ավելացել է 1100 մարդով (1119700 մարդուց դարձել է 1120800 մարդ)։ Այսինքն 4 տարում խնդիրը կատարված է 1.1%-ով։ 2011-ին եղել է 73.9 հազար գործազուրկ։ 2003-ին Ռ.Քոչարյանն էր խոստացել ստեղծել 40000 աշխատատեղ։ Արդյունքում զբաղվածների թիվը 2003-2007թթ զբաղվածների թիվը 1106.4 հազ մարդուց (2002թ) հասել է 1117.6 հազ մարդու կամ աճել է ընդամենը 11.2 հազ մարդով։
5. Եթե հանքարդյունաբերության հաշվին լինի ՀՆԱ աճ դա կարող հանգեցնել ավելացված արժեքի անկման, հարստության կենտրոնացման, աղքատության աճի։ Կասկած չունենաք, որ 2017-ին լինելու է ավելի կենտրոնացված հասարակություն։ 
6. Կառավարությունը պլանավորում է 5-7 տոկոսի տնտեսական աճ։ Մի րոպե պատկերացնենք որ դա կհաջողվի։ Լավ բայց աշխարհն աճում է տարեկան 4%-ով։ Իսկ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով մենք 3 անգամ համաշխարհային միջինից ետ ենք մնում։ Եթե մեր աճի տեմպերը սոսկ 2%-ով ավելին լինեն, քան աշխարհինը, ապա աշխարհի միջինին հասնելու համար մեզ կպահանջվի 57, իսկ զարգացած երկրների մակարդակին հասնելու համար՝ 228 տարի։ Բացի այդ. Ի՞նչի հաշվին է պլանավորված այդ աճը։ Ասվում է ներքին խնայողությունները ներդրումների վերածելու հաշվին։ Այ քեզ բան։ 36% աղքատների առկայության պայմաններում և 82 տոկոս պարենի վրա կատարվող ծախսի պարագայում այդ ի՞նչ խնայողություններ են ներդրումացվելու։ Հասկանալի չի նաև ի՞նչպես են խրախուսվելու ներդրումները՝ առաջարկի թե պահանջարկի միջոցով։ Ծրագրի այս հատվածից այն տպավորությունն է ստեղծվում, որ կառավարությունը որևէ համակարգված պատկերացում չունի տնտեսական աճն ապահովելու արդի գործիքակազմի մասին։ 
7. Առնվազն տարակուսանք է հարուցում գյուղատնտեսության, կրթության, առողջապահության և այլն մասով սպառողին սուբսիդավորելու փոխարեն մատակարարներին սուբսիդավորելու քաղաքականությունը։ Դրանից հետո բոլորովին անհասկանալի են կոռուպցիայի դեմ իբր թե պայքար տանելու հայտարարությունները։
8. Անհասկանալի են զարգացման ճյուղային հատվածում ինչ-ինչ խոստումների առկայությունը։ Այսպես, գրված է. կշարունակվեն աշխատանքները Հայամստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի ուղղությամբ աշխատանքները։ Նույնը ատոմակայանը։ Հասկանալի չէ, կշարունակվի ի՞նչը։ 
9. Ծրագրի սոցիալական հատված մերկպարանոց հայտարարություններ են։ Ընդ որում գրքային, կասեի կենցաղային մակարդակի։ Չնչին բացառոււթյուն են կազմում առողջապահության և մշակույթի (մի մասի) հատվածները։
10. Ծրագրի վերջին, ինստիտուցիոնալ հատվածը պարզապես ընդհանուր, մակերեսային, հանրահայտ մտքեր են այս կամ այն ինստիտուտի լավ ու վատի մասին։ Ոչ մի մեխանիզմ, ոչ մի կոնկրետություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել