Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի։ Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը։ Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և կուտակված փորձն ուսանողներին փոխանցելով, ինչպես արվում է շատ երկրների նախկին նախագահների կողմից։ 
Առաջին հարցազրույցին չարձագանքեցինք՝ մտածելով, որ մարդը փորձում է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում ծագած շատ խնդիրներ և պարզապես ուզում է ամանորյա հետաքրքրություն մտցնել ներքաղաքական կյանքում։ 
Անկեղծ ասած, Քոչարյանից սպասում էինք քաղաքական լուրջ վերլուծություն, անդրադարձ Մաքսային միությանը, Ասոցացման համաձայնագրին, ղարաբաղյան հիմնախնդրին։ Բայց նման ոչ մի բան, փոխարենը՝ օսկանյանական բառապաշարով մի ճառ` համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով։ Եթե ցանկություն չուներ բանավիճելու, կարող էր դա չանել։ Մանավանդ եթե խոսքը հիմնավոր ու համոզիչ է լինում, մարդ, որպես կանոն, վիրավորական բառապաշարի օգնությանը չի դիմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել