Տաղավար տոների երկրորդ օրը նվիրված է ննջածների հիշատակին, իսկ մեզանում ձևավորված ավանդույթով` Սուրբ Ծնունդին հաջորդող մեռելոցին մենք առաջնահերթ այցելում ենք մեզանից անցնող տարում հեռացածների շիրիմների, խոնարհվում, խնկահարկում, աղոթում և վերհիշում: Այցելում ենք բարեկամների, հարազատների, ընկերների մարմինների վերջին հանգրվան հանդիսացող սառը անշունչ մի վայր` գերեզման, ծաղիկներով փորձում փոքր-ինչ կենդանացնել այն.. 
Սակայն ծայրահեղ ծանր զգացում ես ապրում, երբ այցելում ես ընկերներիդ շիրիմներին և տեսնում, որ շիրիմը, ուր սառած պետական ցուցատախտակի վրա գրված է անուն ազգանուն, մեղմ ասած, գրեթե մոռացված է, այն էլ հատկապես այսօր` մեռելոցի օրով... Որ օրվա վերջին գերեզմանին երևի թե չի այցելել և ոչ մի մարդ, հողաթմբին դրված են մի քանի սառած ու հին ծաղիկ` 7-8 օր վաղեմության, Ամանորից մնացած` կարծես թե ընտանիքի կողմից, և ակամայից վերհիշում, որ ընդամենը 6 ամիս առաջ մի ստվար բազմություն վերջին հրաժեշտ էր տալիս վաղաժամ հեռացած մեր ընկերոջը...
Կարծում եմ, նման օրինակներ էլի կան... 
Խնդրանք, հորդոր, կանչ, պահանջ (ինչպես ուզում եք, անվանեք)` եկեք հարգենք ննջեցյալների հիշատակը, աղոթենք նրանց հոգիների փրկության համար, և անենք այդ ամենն ոչ թե սոցիալական ցանցերում, այլ իրական կյանքում: Նրանք արժանի չեն լոկ սոցիալական կայքերի ցավակցական շաբլոնների...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել