Գնում եմ Գյումրի... Մտքերով էլ՝ Լենինական, իմ չքնաղ ծաղկուն քաղաք: 25 տարին չեն կարողացել անգամ մշուշել հիշողությունս..
25 տարի առաջ... Քաղաքս արդեն արթնացել էր, սովորականի պես ջերմ էր, բայց մառախլապատ... Ինչ իմանայիր, գեղեցկուհիս, որ ընդամենը 2 ժամ անց թռիչքդ ընդհատվելու է, 2 ժամ անց գույներդ խամրելու են, և ժպիտդ վերածվելու է լուռ ողբի, 2 ժամ անց ողջ աշխարհն է լսելու հառաչանքդ...
Աղետ, զոհ, փլատակ, օգնություն՝ նոր բառեր հայտնվեցին քո բառապաշարում: Հույս ու հավատն էլ այնքան էին թուլացել, որ կարծես արդեն հանգչում էին... 
Իմ հին ու նոր քաղաք, ավերվեցիր, բայց չկոտրվեցիր... Ոտքի կանգնեցիր, պահպանեցիր դիմագիծդ:
Այսօր արդեն ուրիշ ես: Դեռ շատ են հոգսերդ, դեռ շատ են վերքերդ, բայց դու ուրիշ ես: Դու կրկին գունեղ ես: Կրկին միայն քեզ հատուկ հումորով նայում ես դեպի ապագա: Կրկին հպարտ ես: Եվ հպարտ ենք մենք՝ քո զավակները: 
Կանգուն մնա, իմ հպարտ գեղեցկուհի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել