Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջներ չանել Ադրբեջանին։ Նրանց թվում են եղել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ով այնուհետև տեղափոխվել էր հիվանդանոց, Վահագն Մախսուդյանը, Միքայել Մարտիրոսյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Եղիշե Մախսուդյանը և ուրիշներ։
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ բերման ենթարկվելուց որոշ ժամանակ անց նրանց մի մասն ազատ էր արձակվել։
Նույն էջի հաղոդմամբ, «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան։
Երեկ գիշեր Նոյեմբերյանի ոստիկանության մոտ հավաքված մարդկանց ասել են, որ Ս. Պետրոսյանը ձերբակալվել է առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։
«Բերման ենթարկելու ժամանակահատվածում նա ոստիկաններին ընդամենը խնդրում էր, որ ժողովրդին բերման ենթարկել գոնե առանց ծեծելու։ Ասացին՝ խանգարում է, տարեք դրան»,- պատմել է բերման ենթարկելու ժամանակ Ս. Պետրոսյանի կողքը գտնված քաղաքացին։