«Հրապարակ» թերթը գրում է. «Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքը՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով: Հայաստանյան գործարար տիկնանց առաջարկել էին 1 միլիոն դրամ վճարել եւ ընթրել տիկին Հակոբյանի հետ, իսկ հավաքագրված գումարները կուղղվեն մարզերի սկսնակ գործարար կանանց:
Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին, հայտնելով, որ 42 կին գործարար է «մուծվել» վարչապետի կնոջը:
Հրապարակված տեսանյութից, սակայն, երեւում է, որ մասնակիցների թիվը հազիվ 40-45 հոգի լինի, որոնց շարքերում ոչ միայն գործարար կանայք, այլև իրենց օգնականները, աշխատակիցները, հարազատները, Աննա Հակոբյանի աշխատակիցները։ Հավաքին ներկա են եղել Սամվել Ալեքսանյանի գերդաստանը՝ կինը` Շողերինան, աղջիկները, քույրը՝ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյան կինը, MAVI-ի տնօրեն Հասմիկ Ռաշոյանը, «Լարա» շոկոլադի գալերեայի տնօրեն Լաուրա Նահապետյանը, «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը, Խաչատուր Սուքիասյանի դուստրը, «Թեյան» ընկերության հիմնադիր Աստղիկ Գալստյանը, «Աննա-թեյ»-ի հիմնադիր Աննա Սահակյանը եւ այլք։
Կանայք ոչ միայն ընթրել են, այլ «տժժացել», պարել, ուրախացել: Ի դեպ, «Արմասին» էլ մեղադրանքներ են ուղղվել այս նախաձեռնության համար, որ աջակցում են հող հանձնող իշխանություններին»: