Թերևս տարօրինակ է ՀՀ ԿԲ-ի անգործությունը, որոշակի քանակությամբ արտարժութային ներարկումը շատ արագ կկարգավորեր իրավիճակը․ Դավիթ Անանյան


23:51 , 3 հոկտեմբեր, 2023

Արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամբ տնտեսությունից եկող ազդակների արդյունք չէ, և տնտեսագիտական որևէ հիմնավորում չունի, այլ՝ էլեմենտար պանիկայի արդյունք է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը

«Մասնավորապես, վերջին իրադարձությունները, և, հատկապես, ՀՀ ազգային ժողովի կողմից այսօր Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների և, առհասարակ, ազգաբնակչության մոտ առաջացրել է բացասական սպասումներ՝ կապված ապագա անորոշությունների հետ։

Բացասական սպասումները հանգեցրել են խուճապային վարքագծի, իսկ բանկային համակարգի կողմից "անհրաժեշտ" քանակության արտարժութային պահանջարկի չբավարարումը հանգեցրել է էլեմենտար խուճապի։

Թերևս տարօրինակ է ՀՀ կենտրոնական բանկի անգործությունը (որը կարծես հույսը դրել է շուկայի ինքնակարգավորման կարողության վրա)։ Որոշակի քանակությամբ արտարժութային ներարկումը, թերևս, շատ արագ կկարգավորեր իրավիճակը»,- գրել է նա։