Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է․ պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ․ Արման Թաթոյան


21:17 , 3 հունիս, 2023

Այս մասին արդեն խոսել եմ. պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ:
Գյուղն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը:
Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է):
Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գիհի մշտադալար ծառից, և այն նույնպես կազմել է Խորհրդային Հայաստանի մասը:
Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները:
Օրինակ` ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը Հայաստանի մաս է։
Եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:
Նույն կերպ Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում, պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին:
«Անկլավային» հարցեր բարձրացնողները կարո՞ղ են ասել` ինչ է լինելու իրենց հայրենի հողում դարեր շարունակ ապրող և արարող մեր հայրենակիցների հետ, մտածե՞լ են նրանց ունեցվածքի ու տարիների վաստակի, կյանքի ու անվտանգության մասին: Ի՞նչ է լինելու մեր երկրի անվտանգության հետ, համայնքների հետ:
Պատմական փաստերի աղավաղումները, Հայրենիքի անվտանգության նկատմամբ մեխանիկական վերաբերմունքը, մարդկանց իրավունքները, պետության անվտանգությունը բացահայտ անտեսող, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են մեր երկրի և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով անվտանգությունը:
Մեր Հայրենիքի ամեն մասնիկի հետևում մարդկային ճակատագիր է, հայրական տուն, ընտանիք:
Возможно, это изображение карта и текст
Возможно, это изображение карта и текст