17:47 , 25 մարտ, 2022
Այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակներ գրավոր ձևակերպված փաստեր եմ փոխանցել, այդ թվում` քննարկմամբ այն մասին, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերը`
1) թիրախային կրակոցներ են արձակում գյուղերի, մարդկանց տների վրա՝ որպես համակարգված քաղաքականություն.
2) ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի տները, բնակավայրերը, տեղի են ունենում խաղաղ բնակիչների հոգեբանական ահաբեկումներ.
3) դիտավորությամբ գազից, ջեռուցումից ու տաք ջրից զրկել են ողջ Արցախը, 100,000-ից ավել խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ: Տեղադրել են փական՝ մարդկանց շանտաժի ենթարկելու համար.
4) այս արարքների և ներխուժումներով, բնակավայրերի անվտանգության խաթարումով առաջ են բերել նոր բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ: Ամեն ինչ անում են, որ խաղաղ կյանքը բնակավայրերում չվերականգվի.
5) այսօր արդեն սպանել են Արցախի պաշտպանության բանակի երկու և վիրավորումներ հասցրել մի շարք զինծառայողների, որոնք պաշտպանում են խաղաղ բնակիչներին ադրբեջանական հանցավոր արարքներից և այլն:
Այս փաստերը հիմնավորում են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:
Հիմա հատկապես պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով: