19:02 , 26 հոկտեմբեր, 2021
«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին տրվել է ժամկետանց դեղորայք, հայտնաբերել ենք մեծ քանակի և տեսակի ժամկետանց դեղեր, անփույթ լրացված ու ջնջումներով մատյաններ
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել ահազանգ այն մասին, որ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին տրամադրվել է ժամկետանց դեղորայք: Ըստ ահազանգի՝ արդյունքում դատապարտյալի մոտ որովայնի շրջանում առաջացել է ցան և ստամոքսիայրոցի զգացում։
Ահազանգի հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ, աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը չհայտարարված այց է իրականացրել «Կոշ» ՔԿՀ։
Այցի ընթացքում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Կոշ» ստորաբաժանումում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր՝ «Ամլոդիպին», «Վերապամիլ», «Դիցինոն», «Ակտիվ ածուխ», «Կորսիզ», «Ռեոպոլիգլյուկին» և «Պոլիգլյուկին»։
Ավելին, «Դատապարտյալների ամբուլատոր բժշկական օգնության ցուցաբերման» մատյանի ուսումնասիրությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ դատապարտյալն իր առողջական գանգատների կապակցությամբ ստացել է տարբեր դեղամիջոցներ` առանց այդ մասին բժշկի համապատասխան ցուցումի։
Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում դատապարտյալն առանձին օրերին ստացել է «Մեզիմ», «Սպազմալգոն», «Գլյուկոզա», «Նոշպա», «Պարացետամոլ», «Վալիդոլ», «Ասկոֆեն», «Անալգին», «Դիմիդրոլ» դեղամիջոցներ, որոնք նրան ցուցված չեն եղել։
Ուսումնասիրությամբ՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին ազատությունից զրկված անձը ստացել է 10-ական հաբ «Կրիոն»։ Հոկտեմբերի 20-ին նա ստացել է 1 հաբ «Կրիոն» ստամոքսի ուժեղ ցավի կապակցությամբ։ Հոկտեմբերի 22-ին դատապարտյալը կրկին ստացել է 10 հաբ «Կրիոն»։ Սրանք բոլորը ևս ցուցված չեն եղել։ Ավելին, այցի պահին «Կրիոն» տեսակի դեղամիջոցը եղել է դատապարտյալի մոտ՝ ժամկետանց վիճակում։
Հարկ է նկատել նաև, որ դատապարտյալի բժշկական քարտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս բժշկական զննության է ենթարկվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ախտորոշվել է «քրոնիկ տոտալ կատարալ կոլիտ»։ Նշանակվել է «Ուլկավիս», «Դոքսիցիկլին» և «Լինեքս»։ Այդուամենայնիվ, ցուցված դեղամիջոցները դատապարտյալին չեն տրամադրվել, բացառությամբ 1 հաբ «Լինեքս»։
Դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի համաձայն՝ նախորդող բժշկական զննությունը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 19-ին, որով չի նշանակվել երկարատև բուժում։
Դրանից բացի, «Կոշ» ՔԿՀ այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ խիստ անընդունելի սանիտարահիգիենիկ ու թափթփված վիճակում են գտնվում բժշկական ստորաբաժանման աշխատանքային սենյակները:
Ջնջումներով ու անփույթ են լրացված եղել դեղերի հաշվառման մատյանները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հիմնավոր ենթադրությամբ՝ ջնջումներն արվել են նաև դեղերի քանակների արհեստական փոփոխություններ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (կանխարգելման ազգային մեխանիզմ) շարունակելու է մշտադիտարկումներն ու ուսումնասիրությունները՝ կապված Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում բուժօգնության ու սպասարկման խնդիրների, այդ թվում՝ ժամկետանց դեղերի խնդրի հետ:
Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ապօրինի արարքները, այն է՝ ժամկետանց դեղերը սահմանված կարգով չոչնչացնելը, ավելին՝ մեծ քանակությամբ ժամկետանց դեղեր պահելը, դեղեերի ոչնչացան կարգի խախտումները, ժամկետաց դեղորայք ազատությունից զրկված անձանց նշանակելը կոպիտ խախտումներ են: Դրանք ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի բացահայտ վկայություն են:
Այս պրակտիկան պետք է անհապաղ դադարեցվի ու դա պետք է լինի համատարած՝ հաշվի առնելով, որ ՔԿՀ-ներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն արձանագրել են նաև ժամկետանց դեղերի, ջնջումներով ու անփույթ լրացված մատյանների, սանիտարահիգիենիկ անընդունելի պայմանների այլ դեպքեր:
Սույն հայտարարությամբ հայտնաբերված ոչ բոլոր ժամկետանց դեղորայքն է հրապարակվում: Մնացածը պաշտոնական նամակով կուղարկվի Արդարադատության նախարարություն: