ՄԻՊ–ն ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ` 2021թ. հուլիսի 23-ին անմիջապես ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հրահրել են հրաձգություն


22:00 , 24 հուլիս, 2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ` 2021թ. հուլիսի 23-ին անմիջապես ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հրահրել են հրաձգություն։
Մասնավորապես, հուլիսի 23-ին` ժամը մոտ 20։00-ից մինչև 00։30-ը ընկած հատվածում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից ինտենսիվ կրակել են հայկական զինված ուժերի դիրքերի վրա, ինչպես նաև կրակել են սարատեղի կոչվող բնակավայրի ուղղությամբ։ Սարատեղին այն վայրն է, որտեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց եղջերավոր կենդանիներին:
Բնակիչների տեղեկացմամբ՝ կրակոցներով ադրբեջանական զինված ուժերը լրջագույն վտանգ են ստեղծել իրենց կյանքի և ֆիզիկական անվտանգության համար, խաթարել են ողջ բնակավայրի հանգիստը: Ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել:
Կրակոցների պատճառով են միայն հաջորդ օրն առավոտյան` հուլիսի 24-ին, ժամը 07։00-ի սահմաններում իրենց կովերից մեկին հայտնաբերել ադրբեջանական կրակոցներից սատկած վիճակում (նկարներում քաղաքացիական բնակչի սատկած կենդանին է):
Նշվածից բացի, ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև այսօր՝ հուլիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։
Վերին Շորժա գյուղի սարատեղի բնակավայրի տները 2021թ. մայիսի 12-ից հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախում այն պահից, երբ նրանք անօրինական ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ավելին, նրանք տեղակայված են քաղաքացիական տներից մոտ 150մ հեռավորությամբ:
Ադրբեջանական զինված ուժերի արարքները հանցավոր են: Դա հիմնավորվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք, Ազատ և Վերին Շորժա գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի վերջին օրերին սանձազերծած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ այդ հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից վերջին ժամանկներս զոհվել կամ վիրավորվել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներ:
Փաստերն ակնհայտ ապացուցում են, որ ՀՀ սահմանային, մասնավորապես` Գեղարքունիքի, Սյունիքի և վերջին օրերին նաև Արարատի (օրինակ` Երասխ գյուղ) մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ներկա են ադրբեջանական զինված ծառայողներ, նրանց պահվածքը նույնն է` կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղի ու բերքահավաքի խոչընդոտներ, սպառնալիքներ և այլն:
Այլ կերպ ասած, 2021թ. հուլիսի 23-ի և 24-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քացաքացիական բնակավայրերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
Նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության, ազատ տեղաշարժի, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կյանքը:
Ընդ որում, հուլիսի 23-ի ադրբեջանական կրակոցների փաստը Գեղարքունիքի մարզում պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանMay be an image of horse and outdoorsMay be an image of animal and outdoorsMay be an image of mountain, cloud and nature