Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիեւային հրավիրում է Արցախ


14:56 , 4 դեկտեմբեր, 2019

Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը, և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը:

Սա հրավեր է, և եթե նա ընդունի այդ հրավերը, պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում: Եվ կարծում եմ, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում: Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ, մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով, ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք:

Եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի. դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և որպես հյուր փոխադարձ այցերն են: Աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներ են: Եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է: 

#Womenforpeace #Womenspower #Artsakh #Artsakhstrong #Armenia