Araratnews.am-ը գրում է.
Պետական գերատեսչություններում լրատվամիջոցների «սեւ ցուցակ» են կազմել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Մամուլի խոսնակներ հայոց» անունով խմբի անդամները, պարզվում է, այդտեղ զբաղված են լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առաքելությամբ: Երեկ տարածվեց խմբի որոշ անդամների գրառումները:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսնակ Տիգրան Բալայանը, որի գործունեությունից բազմաթիվ լրագրողներ են դժգոհում, խմբում «բամբասել» է, նրան էլ միացել են որոշ խոսնակներ: Այն, որ լրագրողներին այսպես ասած չսիրելու պատճառներ կան, չի քննարկվում, ի վերջո, խոսնակների աշխատանքը ոչ թե լրագրողներին հաճոյանալն է, այլ նրանց հետ աշխատանքը, որտեղ «զգացմունքայնությունը» տեղ չունի:
Բայց «բամբասանքին» միացած խոսնակները միմյանց խորհուրդ են տալիս շրջանցել լրագրողներին, «սեւ ցուցակներ» կազմել: Մասնավորապես, օրինակ` Նալբանդյանի խոսնակ Տիգրան Բալայանը գրել է, որ «սեւ ցուցակում» են «Ժողովուրդ» եւ «Հրապարակ» օրաթերթերը:
Araratnews.am-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, անդրադառնալով խոսնակների գրառումներին, նշեց, որ տեղի ունեցածն իր համար գաղտնիք չէր: «Ես շատ վաղուց եմ ասել, որ մամուլի խոսնակների առաքելությունը ոչ թե իրականում մամուլին, լրագրողներին, լրատվամիջոցներին օգնելն է, նրանց աշխատանքը հեշտացնելը, այլ ընդհակառակը` բոլոր հնարավոր միջոցներով խանգարելը, ամեն ինչ անել, որ մենք չկարողանանք մեր պարտականությունները կատարել»,- ասաց Ա. Օհանյանը:
Նրա խոսքով` այդ խոսնակների միտքը միայն այդ ուղղությամբ է աշխատում` ինչպե՞ս անել, որ խոչընդոտեն թերթերին իրազեկել հանրությանը: «Այդ ցինիզմը, անամոթությունը, որ իրենք կարող են փակ խումբ ստեղծել եւ նմանատիպ քննարկումներ անել, այն դեպքում, երբ իրականում սնվում են մեր հարկերից, աշխատավարձ են ստանում մեր շնորհիվ եւ կոչված են ծառայելու հասարակությանը, այլ ոչ թե գնահատականներ տալ մամուլի աշխատանքին, մեր հոդվածները դրական կամ բացասական համարել եւ լրագրողներին որակումներ տալ: Այնտեղ մի քանիսն էին ակտիվ, եւ իրենց իրավունք են վերապահել որակումներ տալ»,- ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:
Արմինե Օհանյանի կարծիքով` այս ամենը պետք է դաս լինի լրագրողների համար, եւ նրանց վերադասները պետք է հետեւություններ անեն: «Մենք պետք է անընդհատ հիշեցնենք իրենց ղեկավարներին, նախարարներին, որ նման խոսնակներն իրավունք չունեն աշխատելու, պիտի բոյկոտենք, շրջանցենք նրանց: Այո՛, Արծրուն Հովհաննիսյանը, Արսեն Բաբայանը, Նանա Գնդոյանը, Տիգրան Բալայանը եւ մյուսները չպետք է աշխատեն»,- նշեց Ա. Օհանյանը:
Անդրադառնալով լրատվամիջոցներին «սեւ ցուցակ» գցելու խոսնակների` միմյանց տրվող խորհուրդներին` Օհանյանը նշեց, որ այդ խոսնակներն իրենց իրավասությունների շրջանակից դուրս են եկել, որ անգամ ավելորդ է օրենքից խոսել: «Նրանք ուղղակի ստեղծված են մեր աշխատանքը խոչընդոտելու համար, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ երեւա, որ նրանք խանգարում են իրենց գերատեսչություններին եւ ոչ թե նպաստում այդ գերատեսչության հեղինակությանը: Ի՞նչ է նշանակում «սեւ ցուցակ». դա նշանակում է, որ իրենք ընտրովի վերաբերմունք ունեն լրագրողների նկատմամբ, որ իրենք ամեն ինչ անում են, որ մենք չկարողանանք մեր գործն անել»,- ասաց Արմինե Օհանյանը, հավելելով, որ օրաթերթերը օպերատիվության խնդիր ունեն:
Հավելենք, որ մամուլի խոսնակների գրառումների վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրենց տեսակետն էին հայտնել որոշ լրագրողներ, ովքեր անթույլատրելի էին համարել նման վարքագիծը: