Հարց
Ամուսինս գրեթե ամեն օր չարաշահում է ալկոհոլը, չի կարողանում ունենալ ինտիմ հարաբերություններ. վերջերս սկսել է ինձ հիվանդագին կերպով մեղադրել դավաճանության մեջ. ի՞նչ անել. չէ որ ես նվիրված եմ իմ ընտանիքին:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Ցավոք սրտի, այս վիճակը բնորոշ է ալկոհոլամոլությամբ տառապող մարդկանց և բնորոշվում է որպես ալկոհոլային խանդի զառանցանք: Ալկոհոլի խրոնիկ չարաշահումը հանգեցնում է սեռական թուլության, իջնում է սեռական ցանկությունը: Դրան զուգահեռ ալկոհոլիզմի ֆոնի վրա զարգանում է նաև անձի հոգեհուզական անկայունություն, կասկածամտություն, կոպտություն, ինչը հանգեցնում է սեռական հարաբերություններում ամուսինների օտարացման: Աստիճանաբար ամուսնական հարաբերությունների վատացման և ալկոհոլիզմի խորացման հետևանքով սկսում են առաջանալ զառանցանքային մտքեր դավաճանության վերաբերյալ. սկսում է հետևել կնոջը, փորձում է գտնել կնոջ «սիրեկանին», նույնիսկ մտքեր են առաջանում, որ երեխաները իրենը չեն: Անհատը դառնում է մռայլ և դեպրեսիվ, երբեմն ընդունակ է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ: Պետք է նկատել, որ սպիրտային խմիչքների ամենօրյա օգտագործումը (50-100 գ. մաքուր սպիրտի չափաբաժնով և դրանից շատ) արդեն իսկ համարվում է լուրջ ռիսկի գործոն՝ ալկոհոլից կախվածության առաջացման, ուստի անհրաժեշտ է պատասխանատվության գիտակցմամբ վերաբերել սեփական առողջությանը և ընտանիքին: