«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն Կոտայքի մարզում է: Բագրատ սրբազանը հայտարարել է, որ շարժումը մայիսի 9-ին, ժամը 16-ին կլինի Հանրապետության հրապարակում: Շարժմանն են միացել տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպություններ, հայտնի մարդիկ, նաեւ` դերասաններ, մշակույթի գործիչներ. Նազենի Հովհաննիսյան, Լևս Դավթյան, Մհեր Մկրտչյան, Անահիտ Կիրակոսյան, Արսեն Գրիգորյան, Անի Ղազարյան, Ալլա Լեւոնյան և այլք:

«Հրապարակը» զրուցել է «Իշխանություն» ֆիլմում Նիկոլ Փաշինյանի կերպարը մարմնավորած դերասան Լևս Դավթյանի հետ:

- Լևս, ի՞նչ եք կարծում` ի՞նչ ընթացք կստանա շարժումը: Երեկ տեղեկացանք, որ Դուք էլ եք քայլերթին միացել:

- Լավատեսորեն եմ տրամադրված: Բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում էին տեսնել մի մարդու, ով քաղաքական ուժերի հետ ոչ մի կապ չունի և ով կառաջնորդեր նման շարժում, ապա այսօր եկել է այդ մարդը, ոչ ավել, ոչ պակաս` Բագրատ սրբազանն է: Էլ ի՞նչ խնդիր կա, ի՞նչ ամբիցիաներ ունեն մարդիկ, պետք է որ քաղաքական շահերի ամբիցիաներ չլինեն այսօր, այսինքն` եթե բոլորիս գերնպատակը Նիկոլի ու ՔՊ-ների հեռացումն է, ապա սրանից լավ շանս չի լինելու: Պետք է բոլորովս կպնենք այս գործին և մեկ շաբաթում հեռացնենք սրանց:

- Այս շարժումն ինչո՞վ է, ըստ Ձեզ, տարբերվում նախորդ շարժումներից, ի՞նչ կարևորություն ունի այն:

- Բանը հասել է նրան, որ ոչ մեկի մոտ պայքարը չստացվեց, ու եկեղեցին է արդեն իր վրա վերցրել այդ գործը: Եկել է եկեղեցու զանգերի ժամը: Բոլոր միջոցները փորձեցինք, չստացվեց, կամ ոմանք չուզեցին, որ ստացվի, բայց եկեղեցին մեր հավատքն է, եթե եկեղեցու հետևից էլ չգնանք, էլ ո՞ւմ հետևից գնանք: Ինձ թվում է` շատերը դուրս կգան պայքարի:

- Եթե այսօրվա պայքարը համեմատենք 2018-ի պայքարի հետ....

- Բացարձակապես համեմատելու չեն, ու հետո` սրբազանն էլ է ասել, որ իրենից կուռք չստեղծեն, իր նկարներով մայկաներ չկարեն, չվաճառեն, որովհետև այս պայքարը մարդկանց հիմարեցնելու, մոլորեցնելու մասին չէ, հակառակը` սթափեցնելու պայքար է:

- Բագրատ սրբազանն իր տեսակով Նիկոլ Փաշինյանի հակապատկերն է: Նիկոլ Փաշինյանը հանրությանը պառակտեց, չարացրեց, հանեց իրար դեմ: Ժամանակին ՀՀԿ-ականների դագաղներն էին պտտեցնում քաղաքում, եւ հիմա ասում է` ժողովրդի կամքով է եկել իշխանության, մոռացել են այդ տեռորի մթնոլորտը: Եվ լավ կյանքի ու փոփոխությունների ակնկալիք ունեցող մարդկանց, այսպես ասած, իրենցով արեցին: Բագրատ սրբազանին մարդիկ այդպես կվստահե՞ն:

- Այո: Ավելի շատ: Նայեք Բագրատ սրբազանի կենսագրությունը, կրթությունը ու նայեք Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը` կեղծիք, չարիք, ատելություն ու լուտանք: Ոչ մի լավ բան, միայն բանսարկություն: Անգամ ամոթ կլիներ նրանց կենսագրություններն իրար կողքի դնելը: Ես երեկ էլ եմ միացել քայլերթին, այսօր էլ եմ գնալու, վաղն էլ կլինեմ Հանրապետության հրապարակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել